Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ եթե ոչ, այդ դեպքում յասաուլ-բաջին բարձրագոչ աղաղակով և հեղինակավոր հայհոյանքներով կատարված հանցանքը հայտարարում էր իբրև մեծ եղեռնագործություն և հայտնելով այդ մասին մովրովի օգնականին, հրաման էր ստանում մտրակելով բերել յուր դուռն անհանգիստ հանցավորին։ Այստեղ արդեն արդարություն գտնելու համար, հարկավոր էր սլլացնել ոչ թե Նավասարդի արած պահանջի չափ, այլ տասն անգամ ավելի, որպեսզի գործը չհասներ մովրովին, որի արդար դատաստանից խուսափելու համար՝ կհարկավորվեն հարյուրներ և այն ոսկե դրամով, ինչպես վիպասան Պռոշյանն է վկայում յուր «Հացի խնդրում»։

Հատուկ թղթակիցներին նմանեցնելով յասաուլ-բաշիների, խավարամիտ ազգականս այն բարբարոս միտքն էր հայտնում, իբր թե մենք էլ նրանց եղանակով հարստահարում ենք ժողովրդին, կաշառ ենք առնում նրանից կամ երեսպաշտություն անում։ Մեծ բախտավորություն է, որ այդ ապուշը չի հրատարակել այս կարծիքը պարբերական թերթերում, ապա թե ոչ, հայ ընթերցողները, որոնք մեծ մասամբ բթամիտ են լինում, հալած յուղի տեղ կընդունեին այդ բարբաջանքը։

Բայց ես, որպեսզի ապացուցանեի իմ ծանծաղամիտ ազգակցին, թե իբրև թղթակից, որքան անաչառ եմ, ասացի.

— Մեր ու յասաուլ-բաջիների մեջ, արդարև, կա նմանություն, բայց այդ նմանությունը ոչ թե դրական, այլ հակադրական է. օրինակ նրանք հսկում էին քաղաքի արտաքին կարգապահության, իսկ մենք հսկում ենք ներքինին։ Նրանք օգտվում էին մարդկանցից նյութապես, իսկ մենք օգտվում ենք բարոյապես։ Նրանց հարգում էր ժողովուրդն իբրև փոքրագույն չարիքի, իսկ մեզ իբրև փոքրագույն բարիքի։ Նրանք ծածկում էին ճշմարտությունը, երբ շահ էին ունենում և հայտնում, երբ չէին ունենում, իսկ մենք, ընդհակառակը, հայտնում ենք, երբ շահ չենք ունենում և ծածկում, երբ ունենում ենք։ Նրանք մտրակում էին անհանգիստ մարդկանց, իսկ մենք մտրակում ենք խիստ հանգիստներին։