Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկին Կամսարյանի «Ո՛չ, այդ չի լինիլ» վճիռն ուներ յուր հարգելի պատճառները։ Բացի այն, որ նա իբրև սիրող մայր, կցանկանար անշուշտ ամառն անցրնել յուր որդու հետ, կար և մի ուրիշ հանգամանք, որ գրգում էր նրան չհամաձայնել որդու հետ։ Դա մոր փառասիրությունն էր, ա՛յն թաքուն զգացմունքը, որ շատերը խնամքով փայփայում են սրտի խորքում, բայց որի գոյությունն ուրանում են մարդկանց առաջ։

Լիդիա Պավլովնան առաջին անգամ չէր դնում ամառանոց, ուստի գիտեր, որ ամեն ամառ այնտեղ ստեղծվում է ծանոթների ու բարեկամների հետաքրքրական շրջան, տեղի են ունենում նոր տեսակի ընդունելություններ ու այցելություններ, սարքվում են փայլուն զբոսանքներ, ճաշեր ու պիկնիկներ, երբեմն և երեկույթներ։ Այդ, չէ որ մեծ փառք էր ամեն մոր համար այդ բոլոր տեղերում երևալ նորավարտ, գեղեցիկ արտաքինով, հաճելի ձևերով և տակավին ամուրի երիտասարդ որդու հետ... այդպիսի մայրն, առհասարակ, ամառանոցի սիրած ու փայփայած անձն է լինում։ Բոլորը (խոսքս իհարկե հարսնացու աղջիկ ունեցող մայրերի, կամ փեսացու փնտրող հարսնացուների մասին իսկ եթե դրանց թվում ընթերցողները դասեն, նաև, նորատի այրիներին, դրա դեմ էլ ոչինչ չունիմ), շրջապատում են նրան սիրով, քնքշությամբ, ամենաանկերլծ բարեկամությամբ։ Այդպիսի մորը, բնականաբար, այցելում են հաճախ, և այն` միշտ երկուսով կամ երեքով (նայելով թե այցելողը քանի հարսնացու աղջիկ ունի, հրավիրում են շատ տեղերից, նույնիսկ այնպիսի տներից, ուր այդ մայրը երբեք ոտք դրած չէ եղել, բայց ծանոթացել է նրանց տիրուհիներին այսինչ պիկնիկում կամ պարահանդեսում։ Բացի այդ, հանդիսավոր ճաշերի ժամանակ, ամենից պատվավոր տեղը առաջարկում են այդպիսի մորը և ամենից համեղ պատառը հրամցնում նրանց: