Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ափսո՜ս, որ չեմ կարող օգնել ձեզ այդպիսի բարի ձեռնարկությունների մեջ:

— Եթե գաք ամառանոց, կարող եք օգնել,— նկատեց օրիորդը ժպտալով։

— Այո, եթե գամ, բայց եթե չգա՞մ։

— Կխնդրեմ, որ գաք,— ասաց օրիորդը այնպիսի մի քնքշությամբ, որի մեջ, կարծես, խոսում էր մտերմության ձգտող մի թաքուն զգացմունք։

Երիտասարդը ժպտաց և չիմացավ ինչ պատասխանել։ Նրան թվաց թե այդ րոպեին նա լսեց Ադելինայի նախկին, մանկական ձայնը, այն անմեղ, միշտ ժպտող, միշտ շարժուն ու կրակոտ Ադելինայի, որ ամեն առավոտ հանդիպում էր իրեն դպրոց գնալիս, ողջունում այնքան սիրալիր և գտնում միշտ հարցեր իրեն զբաղեցնելու համար։ Նրան թվաց թե այդ վայրկենին նորոգվեց նախկին մտերմությունը և թե ինքն այլևս իրավունք չունի սառն և անտարբեր խոսքերով այդ նորոգվող բարեկամության հաճելի տպավորությունը թուլացնելու։

— Ճշմարիտն ասած շատ կցանկանայի կատարել ձեր խնդիրը, բայց...

— Ի՞նչն է արգելք լինում,— ընդհատեց օրիորդն աշխույժով։

— Մի բարոյական պարտք, որ հանձն եմ առել դեռ այստեղ գալուց և ձեզ տեսնելուց առաջ։

— Եթե այդպես է, ուրեմն ամենից առաջ այդ պարտքը պիտի կատարեք, մենք իրավունք չունենք պահանջել, որ դուք անկատար թողնեք այն, ինչ որ կատարել խոստացել եք դեռ այստեղ գալուց առաջ։

— Շնորհակալ եմ, օրիորդ, դուք ինձ հասկանում եք. որքան ուրախ կլինեի, եթե մայրս էլ այդ ձևով մտածեր, բայց նա...

— Մայրդ գիտե թե ինչ է մտածում,—ընդհատեց որդուն Լիդիա Պավլովնան,— դու իրավունք չունեիր մեզ լսելուց առաջ ուրիշներին բաներ խոստանալ։