Էջ:Muratsan, vol. 6.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սուտ են ասում, աղա ջան, քե վախեցնում են, որ իրանց փայտոնը բռնես,— առարկում էր «կալասկի» տերը և ավելացնում. իմ կալասկեն կըլի չորս տարի, որ բանեցնում եմ, հլա պռունգը վնասիլ չի։ Հրեն մեկել օրը պրիստավին տարա Ղազախ, ընդիան էլ նաչալնիկին դուրս բերի Դիլիջան, բա խի“ չկոտրվեց։ Հլա նաչալնիկն էլ ասեց «մալադեց Օվանես, տվոյ կալասկա օչեն խարոշի»։

Պետրոսն անշուշտ երկար կմնար երկբայության մեջ, եթե նրան օգնության չհասներ կարճահասակ մի մարդուկ, որն ըստ երևույթին, ծանոթ էր տեղական կառապանների սովորության ու հնարներին։

— Աղա, էս մարգի կալասկեն լավն ա, ըսկի սիրտդ շաք (կասկած) մի' գցիլ, նստի ու գնա՛։ Դու թե ամեն խոսողի լսես, երկու օր կմնաս ըստեղ,— ասաց նա բարեկամաբար։

— Ա՛յ, քու հերը լիս դառնա, ըտենց խոսա է ,— ուրախացավ Օվանեսը և ապա դառնալով Պետրոսին՝ ավելացրեց,— տե՛ս, աղա՛, սա վարժապետ մարդ ա, ս՛ուտ չի խոսալ, որ ասում ա իմ կալասկեն լավն ա, իմա՛ց որ լավն ա։

— Շատ բարի, գնա՛ լծիր,— կարգադրեց Պետրոսը, նախապես վարձագինը որոշելով։ Ապա դառնալով միջամտող մարդուկին՝ հարցրեց.— ո՛՛րտեղի վարժապետն եք։

— Դիլիջանի դենը հայի գեղ կա, ընդեղի վարժապետն եմ։

— Ուրեմն դո՛ւք էլ Դիլիջան եք գնում։

— Հրամանք ես։

«Սա կարող է լավ առաջնորդ լինել ինձ» մտածեց Պետրոսը և առաջարկեց նրան' ընկերանալ իրեն։

— Չէ, աղա՛, ես փուրգոնով պտի գնամ,— առարկեց վարժապետը։

— Ինչո՛՛ւ, մի՛՛թե կառքը ավելի հանգիստ չէ։