— Օ՚հ, ի՛նչ գեղեցիկ և որքան հրաշալի է մեր երկիրը,— բացականչեց Կամսարյանը, հրապուրվելով բնության այդ սիրուն տեսարաններով և ապա ձեռքերն աջ ու ձախ տարածելով, կամենում էր կարծես հորիզոնը գրկել։
— Ըստեղ հլա ի՞նչ գեղեցկութին կա— գեղեցկութին, գեղեցկութին Դիլիջանա դենն ա, Շամշուխի ձորումը, Մայմեխի լանջերին, հրես դնում ենք, կտեսնաս,— նկատեց տիրացու Մոսին։
Կամսարյանը, որ դեռ քննական աչքով չէր նայել ուղեկցին, որովհետև գիշերանց էր ծանոթացել նրան, թավ ձայնով նրա դիտողությունը լսելուց, ետ նայեց մի վայրկյան և տեսավ, որ դա մի մարմնացյալ աններդաշնակություն էր նկատմամբ այն պոեզիայի, որ շրջապատում էր իրեն։ Տիրացուի կարճ ու գիրուկ մարմինը, որ նստած լինելու պատճառով կորացել էր, նմանում էր մի տձև մսագնդի, որի վրա գլուխը շարժվում էր կարծես առանց պարանոցի։ Նրա թուխ դեմքը, որ արևահար լինելուց ավելի էր սևացել, ծածկված էր խիտ և երբեք չսանրված մորուքով։ Վերջինս թեպետ տարածվում էր մինչև նրա այտոսկրները, այսուամենայնիվ, չէր ծածկում տիրոջ մեծ բերանը, որ եզերված էր հաստ լրթագույն շրթունքներով։ Խոր ընկած աչքերր, չնայելով իրենց սևության, թավալում էին նեղ կապիճներում առանց կրակի և արտահայտության. իսկ դրանց հովանավորող թավարծի հոնքերը տալիս էին նրա դեմքին մի առանձին գռեհկություն։ Հասա շալի կապան, կեղտոտ օձիքով արխալուղը և մորթե մեծ գդակը, որ նա խնամքով քաշել էր մինչև հասա բլթակներով լոշի պես կախված ու փռշոաած ականջները, տիրացռւին նմանեցնում էին անտառաբնակ խոզարածի, նրան պակասում էր մի մահակ' ձեռքին և մի պարկ' մեջքին։