Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիրացուն այդ բացատրությունից ոչինչ չհասկացավ, բայց երկրի կլոր լինելովը հետաքրքրվեց։

— Ասում ես երկիրը կլոր ա՞։

— Հա՛ ։

— Յանի (այսինքն) ո՞նց ա կլոր, տափակ Թաբախի (խան) նմա՞ն, թե՞ կլոր ձմերուկի։

— Կոլոր ձմերուկի:

— Բա էդ ո՞նց կըլի,— զարմացավ տիրացուն։

— Այդպես է,— կրկնեց Կամսարյանը։

— Ա՛ խի՞, գիտո՞ւմ չես, որ դհենց ա՞,— մեջ մտավ Օվանեսը։

Վերջինի միջամտությունը գրգռեց տիրացուին։

— Սրան մտիկ տու, լեյի ինքը գիտում ա,— նկատեց նա խեթ խեթ նայելով կառապանին։

— Բա գիտում չե՞մ,— վստահորեն հարցրեց Օվանեսը։

— Դե որ գիտում ես, ասա՛ տենեմ ո՞նց ա կլոր։

— Հրեն աղան ասեց է՞լի, ձմերուկի նման կլոր ա։

— Ա, շա՛շ, ձմերուկի նման որ կլոր ըլի, բա թոլ չի՞ լիլ (չի՞ գլորվիլ) ծովն ընկնի՞լ։

— Ես ի՞մ... տարակուսեց Օվանեսը, տեսնելով նեղ տեղը լծվեցավ։

Կամսարյանը ծիծաղեց։

— Խի՞ ես ծիծաղում, աղա՛, սո՞ւտ եմ ասում,— դարձավ նրան տիրացուն։

— Ա՛յ տղա, դու կարո՞ղ ես քո բերանի կամ աչքի մեջն ընկնել,— հարցրեց Պետրոսը։

— Բա ո՞նց կարամ ընկնիլ իմ բերանը։

— Հապա ծովերն էլ գտնվում են երկրի վրա, երկիրն ինչպե՞ս կարող է նրանց մեջև ընկնել։

— Երկրի վրա ծովեր կան, գիտում եմ, հրես մինն էլ մեր առաջին, Սևանա ծովն ա, ամա դե ես էդ ծովերը չեմ ասում։

— Հապա ո՞րը։

— Ասըմ են, աշխարհը որ վերջանում ա, դենը շատ մենծ, անտակ ծով կա, որ ըսկի ճոնդ չունի (ծայր)։ Հմի որ ասում ես՝ աշխարհը կլոր ա, ես էլ ասում եմ՝ բա խի՞ չէ թոլ ըլում էդ ծովն ընկնում: