Էջ:Muratsan, vol. 6.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կամսարյանը նորեն ծիծաղեց և ապա տեսնելով, որ տիրացուն տարակուսած նայում է իրեն, սկսեց մի քանի համառոտ տեղեկություններ տալ նրան երկրի, լուսնի ու արևի կազմության և նրանց շարժումների մասին:

Մոսին ուշադրությամբ լսում էր նրան և երբեմն երբեմն գլուխը շարժելով ասում.

—Հլե տե′ս ինչե′ր ա ըլե աշխարհում է՜... փառքդ շատ ըլի, աստված ջան, բա էս խի՞ մեզ ըսենք հայվան ես ստեղծել։

— Ա′ Սոս, ես ընենց եմ մացել, թե դու էդ բաները չիմ (բոլորը) գիդում ես. բա էլ ընչի՜ վարժապետ ես, որ բան չես իմանում,— նկատեց կառապանը չարախնդությամբ։

— Ա, ես ո՞րդիան մանամ, ես հու խալիս (իսկական) վարժապետ չեմ,— խոստովանեց տիրացուն յուր տկարությունը:

— Բա խի՞ ես րեխանց կարդացնում։

— Ընդուր որ կարդացրածս իմանում եմ:

— Ի՞նչ ես կարդացնում,— հետաքրքրվեց Կամսարյանը:

— Ի′նչ որ ձեռք ա տալիս։

— Օրինա՞կ։

— Օրինակ, Սաղմոս, Պարգև-Մանկանց, Մայրենի լեզու, Ավետարան, Եփրեմ-խորի...

— Առաջ ո՞րն ես կարդացնում:

— Առաջ «այբ-բենի» տետրը, եդուց ով ինչ գիր բերում են, նրանից էլ սկսում եմ։

— Ինչպե՞ս, ամեն մեկը մի ջոկ գրքի վրա՞ է կարդում։

— Բա՞ ։

— Ինչո՞ւ ամենքին մի տեսակ գրքի վըա չես կարդացնում։

— Էդ ո՞նց կըլի։ Ընենց մարդ կա, որ տանը Սաղմոս ունի, ընենց մարդ էլ կա, որ Պարգև-Մանկանց ունի, յա չէ, Ավետարան, յա Մայրենի լեզու, բերում ա հու ասում, վարժապետ, քե մատաղ, րեխին էս գիրը կարդացրու, հազիր տանն ունենք, մին էլ վեր չկենամ գնամ Դիլի, յա Րևան, նոր մեկելանց գիր առնեմ. աղքատ մարդ եմ, կարալ չեմ գրի փող տալ... Ես էլ վեր եմ ունում էն գիրը կարդացնում։