Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այժմ, ահա′, նա տեսնում է Սևանը յուր առաջ փռված, տարածված 6—7000 ոտք բարձրություն ունեցող լեռների վրա։ Եվ ի՜նչպես չհրճվեր, ի՜նչպես յուր հայացքը չհափշտակվեր նրանով... Կամսարյանը բարձրացավ յուր նստարանից և կառքի մեջ կանգնելով, սկսավ դիտել ծովակի սիրուն մակերևույթը, որի կապուտակը շարունակ փոխվում էր՝ առներով երբեմն պարզ փիրուզի, իսկ երբեմն գորշ մշուշի գույն, նայելով թե կառքն ի′նչ ուղղությամբ էր ընթանում։ Այսպես բավական տեղ նա կանգնած էր կառքում, մինչև որ վերջինս սկսավ մոտենալ Չիբուխլուին։ Այստեղից էլ ծովակը թվում էր անշարժ և միապաղաղ։ Միայն նրա պայծառ հայելու վրա նշմարվում էին հետզհետե բաց-կապտագույն ժապավեններ, որոնք հոսանուտի սահմաններն էին ակոսում։ Շուտով երևաց և Սևանի կղզին, որի տեսքը հեռվից թեպետ չոր ու ցամաք, այսուամենայնիվ, Կամսարյանին հետաքրքրեց հուզելու չափ, որովհետև անցյալից հիշեցրեց նրան դեպքեր, որոնք կապ ունեին Սևան անվան հետ և որոնց մասին նա մտածել էր հաճախ։

Մինչդեռ երիտասարդը սրտահույզ դիտում էր կղզյակն ու ծովը և նրանց շրջապատող լեռների տեսարանը, Օվանեսը կանգնեցրեց կառքը և հարցրեց.

— Ա′ղա, ո՞րդի տես վեր գալ (իջնել)։

— Ինչպե՞ս թե վեր գալ,— զարմացավ Կամսարյանը։

— Բա ըստի չե՞ս մնալու։

— Այստեղ ինչո՞ւ մնամ, Չիբուխլոլ պիտի գնանք։

— Սրանե լավ Չիբուխլու կըլի՞,— նկատեց կառապանը ծիծաղելով։

— Ո՞րը, սա՞,— հարցրեց Կամսարյանը զարմացմամբ շուրջը նայելով։

— Հա՛, ապա՛, սա' է մեր գեղը,— հաստատեց տիրացուն՝ ինքնագոհ ժպտալով։

Կամսարյանը հանկարծակիի եկածի նման մի վայրկյան մնաց անխոս, ապա նորեն սկսավ յուր շուրջը նայել, տեսնելու համար այն, ինչ որ գյուղացին «գյուղ» էր անվանում։