Տեղը, ուր կանգ էր առել կառքը, շինամիջով անցնող խճուղին էր, որ դեղնագույն ժապավենի նման ակոսում էր գյուղամիջի սևահողը։ Թվում էր, թե՝ դա միակ մաքուր տեղն է այն բոլոր տարածության վրա, որ գյուղի շրջագիծն ամփոփում էր յուր մեջ։ Վասնզի, մյուս բոլոր տեղերում գետինը ծածկված էր աղբի շերտերով և աթարի (քակոր) փշուրներով, որոնցից նա խանձվել, սև գույն էր առել։ Այդ ընդարձակ աղբյուսի վրա՝ փողոցների փոխարեն, ընկած էին ինչ-որ ծուռ ու մուռ անցքեր, իսկ դրանց երկու կողմերում ցրված էին անկարգ ու շեղ ուղղությամբ թմբաձև, հողածածկ բարձրություններ, որոնց մի կողմերը կպած լինելով գետնին, մյուսները բարձրանում էին խանձաքարերով շինված ցածուն պատերի վրա։ Դրանք գյուղացիների տնակներն էին, որոնք սակայն չէին նմանում մարդկային բնակարանների։ Որովհետև մեծ մասամբ զուրկ էին պատուհաններից, իսկ ելումուտի համար ունեին մի մի հատ նեղ, ցածուն դռնակներ, որոնցից անցնելու համար պետք էր անշուշտ կորանալ։ Լույս այդ տնակները ստանում էին երդիկից, որոնցից ամեն կտուրի վրա գտնվում էր մի հատ։ Այդ տուն համարվող խորշերից ոչ մեկի առաջ չէր երևում կանաչի նշույլ։ Իսկ գյուղի ամբողջ տարածության վրա չկար մի հատ ծառ և ոչ իսկ մի թուփ։ Դրանց փոխարեն աչքի էին ընկնում գարշահոտ քակորի բլրակներ, որոնցից ամեն տուն ուներ մի, կամ երկու հատ՝ փառքով բազմեցրած սեփական բակում, կամ կողքին գտնվող ազատ գետնի վրա։
Գյուղի ընդհանուր տեսարանը այնպիսի տխուր ու վհատեցուցիչ ազդեցություն էր անում, որ Կամսարյանը քիչ առաջ անցած Սեմյոնովկան սրա հետ համեմատելով չէր ուզում հավատալ թե ինքն իսկապես գտնվում է գյուղի մեջ, այն էլ Չիբուխլուի, որի անունն այնքան անգամ լսել էր ճանապարհին։ Ուստի յուր տարակուսանքը փարատելու համար երկրորդ անգամ հարցրեց թե՝ իրո՞ք սա է Չիբուխլուն, թե ոչ։
— Սա՛ ա, բա՛։ Հրե՛ն, չե՞ս տենում մեր Աստվածածինը հին եղցի ա, մի քիչ դենն էլ մեր դերի (քահանայի) տունն ա, հրե՛ն ինքն էլ մրոքը չալին տալեն ցան ա (աթար) դարսում։ Էն կուսինն էլ տանուտերինն ա։ Ըստիան էլ մի քիչ որ աշմիշ ըլենք, շենի աղբյուրն ա, լավ ջուր ունի, շա՞տ, Մարալինջի տակիցն ա գալիս։