ՌՈԻԶԱՆ․— Այո', իմ դայակը բախտավոր է այդ կողմից։ Բայց․․․ ներողություն, ես իշխանի այցելության պատճառը չհարցրի։
ՀԱՄՏՈՒՆ․— Իմ այցելաթյան պատճառը, ազնիվ օրիորդ, է իրավունքի մի բռնաբարումն, որի համար եկել եմ պաշտպանություն խնդրել քեզանից։
ՌՈԻԶԱՆ.— Իրավունքի բռնաբարո՛՞ւմ... տարօրինակ դարձված է այդ, տյա՛ր Համտուն։ Եթե իրավունքը Սյունյաց իշխանինն է և բռնաբարողը նրանից հզոր մեկը, ապա դժվար թե մի կին կարողանա պաշտպանել քեզ։
ՀԱՄՏՈՒՆ.— Ազնիվ օրիորդ, գործ դրված բռնությունը զորություն է ստացել քո համաձայնությամբ։ Եթե այդ համաձայնությունը դու վերապահես քեզ, այն ժամանակ բռնությունը կթուլանա ինքնիրեն։
ՌՈԻԶԱՆ.— (հուզվելով) Իշխան, ես իմ կյանքում չեմ քաջալերել ոչ մի անիրավ գործ։
ՀԱՄՏՈՒՆ.— Դու իսկապես չես մտածել քաջալերել մի անիրավություն։ Բայց համաձայնվելով երջանկացնել մինին՝
զրկել ես բախտից մի ուրիշին։
ՌՈՒԶԱՆ— Քո խորհրդավոր խոսքերը չեմ հասկանում, իշխան, հաճիր պարզ խոսել։
ՀԱՄՏՈՒՆ.— Թույլ կտա՞ս ինձ անկեղծ լինել։
ՌՈԻԶԱՆ.— Կխնդրեմ․․․ թաքչող ճշմարտության արժեքը ստությունից ավելի չէ, ազնիվ մարդը չպետք է կեղծի։
ՀԱՄՏՈՒՆ.— Ուրեմն ես կխոսեմ քեզ հետ ինչպես իմ․․․
ՌՈԻԶԱՆ.— (րնդհատելով) Ինչպես քո քրոջ հետ։
ՀԱՄՏՈՒՆ.— Իշխանուհի, դու ինձ հրամայում ես անկեղծ լինել, բայց կաշկանդում ես իմ լեզուն։
ՌՈԻԶԱՆ.— Ինձ զարմացնում է քո վարանումը, իշխան, եթե չես կարող ազատորեն խոսել, ապա լավ է որ չխոսես, ես սովոր չեմ լսել այն, ինչ մարդիկ վախենալով են արտասանում։
ՀԱՄՏՈՒՆ.— Վախենալու և ակնածելու մեջ տարբերություն կա, օրիորդ, կատաղած առյուծի ժանիքները ինձ չեն վախեցնիլ. բայց քո հայացքը պատկառանք է ազդում։