Էջ:Muratsan, vol. 6.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՌՈՒԶԱՆ.— Չկա աշխարհում մի ճշմարտություն, որն ազնիվ մարդն ամաչեր հայտնել։ Խոսիր այնպես ազատ, ինչպես վայել է մի ազատ իշխանի։

ՀԱՄՏՈՒՆ.— Բարի, ուրեմն, կխ՛ոսեմ։ (Մի փոքր մտածելուց հետո): Դու գիտես, օրիորդ, որ մեր և ձեր իշխանական տների մեջ կա'ն ավանդական սովորություններ, որոնք հարգվել են մեր արժանավոր նախահայրերից և որոնք պտի հարգվեն նրանց հետնորդներից։
ՌՈՒԶԱՆ.— Անշուշտ այդպիսի սովորություններ կան։
ՀԱՄՏՈՒՆ.— Դրանցից մինը այն է' որ Բագրատունյաց ցեղի աղջիկը Սյունյաց տոհմին էր հարսնանում, իսկ Սյունյաց օրիորդը' Բագրատունյաց տանը։
ՌՈՒԶԱՆ.— Գիտեմ. նույնիսկ հայրս, որ Բագրատունյաց ցեղի իշխան էր, Սյունյաց Գրիգոր իշխանի դստեր հետ ամուսնացավ։ Բայց ինչի՞ համար են այդ հիշողությունները։
ՀԱՄՏՈՒՆ.— Ջալալ մեծ իշխանի աղջիկը, օրիորդ, Սյունյաց տան հարսը պիտի լիներ, բայց որի՞ն են նրա համար փեսացու ընտրել։
ՌՈՒԶԱՆ.— Ւմ մասի՞ն է քո խոսքը։
ՀԱՄՏՈՒՆ.— Այո, օրիորդ. Սյունյաց իշխանը տոհմական իրավունք ունի քեզ յուր հարսնացուն անվանելու։
ՌՈՒՋԱՆ.— Իրավո՞ւնք, տե՜ր աստված, իրավո՞ւնքն է ուրեմն ամուսնության շաղկապը:
ՀԱՄՏՈՒՆ.— Ոչ, իշխանուհի. ամենից առաջ՝ սրբազան սերը: Բայց երբ այգ սիրով լցված ազնիվ սիրտը մերժվում և արհամարհվում է, այն ժամանակ, արդեն, երևան է գալիս իրավունքի խնդիրը։
ՌՈՒԶԱՆ.— Եվ ո՞վ է իրավատերը։
ՀԱՄՏՈՒՆ.— Ես, որ միևնույն ժամանակ քո երկրպագուն եմ և ստրուկը։
ՌՈՒԶԱՆ.— Երկրպագիր միայն Կատարյալին, իսկ ստրկությունը անարգ արհեստ է։ (Վսեմությամբ): Քեզ վրա, Համտուն իշխան, ավելի մեծ համարում ունեի։