Էջ:Muratsan, vol. 6.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տանուտերը նորեն լցրեց բաժակը և աոաջարկեց Կամսարյանին։ Բայց սա հրաժարվեց խմելուց, առարկելով թե՝ օղի չէ գործածում։ Սակայն հրաժարվելու պատճառը ոչ թե այդ, այլ օղիի կես կարմիր կես դեղին գույնն էր, որ Պետրոսի կարծիքով առաջացած պիտի լիներ շշի անմաքրությունից, կամ օղիի հնությունից։ Նույնիսկ եթե օղին նոր ու մաքուր լիներ, դարձյալ նա չէր կարող բերանը տանել այն բաժակը, որով իրենից առաջ մի ուրիշն էր խմել։ Հենց այս պատճառով էլ նա մի փոքր հետո հրաժարվեց նաև գինուց, որովհետև սեղանի վրա միայն մի գավաթ էր դրված։ Տանուտերը, ի հարկե, այդպիսի նրբություններ չգիտեր։ «Բարի գալուստ» մաղթելով հյուրին և քահանայի օրհնությունն առնելով, նա տնկեց լցված օղին և ապա խնդրեց հյուրին վայելել աստուծո տվածը։

Քահանան առաջարկության չէր սպասում։ Նա արդեն լոշերից մինն առաջ քաշելով, սկսել էր յուր արձակումը նախ պանրի ու սոխի և ապա ձուերի վրա. մինչդեռ Կամսարյանը դեռ նոր էր մտածում թե՝ ի՞նչ ուտե։ Ժամ առաջ տեսած սևակոլոլ պտուկները (որոնց մեջ կերակուրներ էին պատրաստվել) չէին հեռանում նրա աչքից։ Այդ պատճառով նա չուզեց ձեռք տալ հավին կամ բորանուն, ամենից վստահելին դարձյալ ձուաներն էին, որոնց պատյանը ազատ է պահում ներսը անմաքրությունից։ Երիտասարդն յուր ծոմը բացավ այդ ձուաներով։ Բայց որովհետև կերած երկու ձուն բավական չէին յուր քաղցը հագեցնելու, ուստի պետք եղավ նոր ընտրություն անել։ Այս անգամ վիճակն ընկավ մածնի վրա։ Սակայն ինչո՞վ ուտեր։ Մածնի մոտ, ճիշտ է, դրված էր մի փայտե գդալ, որը շատ գործածությունից սևացել, աբանոսի գույն էր առել։ Այդ գդալը նա յուր բերանը չէր տանիլ և եթե տաներ էլ, մյուսները ինչո՞վ ուտեին։

Դեռ այս վարանման մեջ էր նա, երբ քահանան բորանիի մի մասը յուր ամանը փոխադրելուց հետո, միևնույն գդալով առավ նաև բավականաչափ մածուն և սկսավ ուտել լոշի կտորներով՝ նախապես նրանց կորացնելով և գդալի ձև տալով։ Ուտելու այդ եղանակը դյուր եկավ Կամսարյանին և նա նույն ձևով էլ սկսավ վայելել մածունը։