Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոլոմոնն ինձ հարցրեց թե՝ «ա՛յ էրեց, քանի՞ իշխան (իշխանաձուկ) կարաս մին հետանց (միանգամից) ուտել»։ Ասի՝ սարկավագ, հինգը կուտեմ։ Ասավ՝ կարալ չես։ Ասի՝ մարջ (գրազ) գանք. ասավ՝ գանք։

Մարջ եկանք էն պայմանով, թե որ ես հինգ իշխան ուտեմ, հո ուտեմ, ինձ հալալ, թե չէ, մին արծաթի բռնոթաման առնեմ տամ իրան։ Իմ բախտից էդ օրն էլ Ելենովկի ղոլիցը (կողմից) խի՛ բոլ (առատ) իշխան ին ղրկել վանքի հմար։ Ամա ի՜նչ իշխան․ էն ղաչաղ (մաքսանենգ) իշխաններից չըմանաս է՜, որ Թիֆլիս տեսել ես, էն որ մինը ըսկի էրկու գրվանքա գալիս չի. սրանց մինը՝ չորս, յա հինգ գրվանքա կըլեր։ Հենա սարկավագը հինգ մենծ մենծը ջոկեց, տվավ աշչուն (խոհարարին), ասավ.— ադա, էս դիփ կտանես մենծ ղազանումը կխաշես․ եդո սինումը (սկուտեղ) կդարսես կբերես։ Ասավ՝ «աչքիս վրան»։ Բլբյուլյանց վանահայրն էլ, աստոծ կարգի, պատարագի պահի, խի՜ լավ մարդ ա, ասեց. «ադա, աղը տեղն արա, անալի չըլի, թե չէ տերտերի փորը կցավի»։ Ասեց «ըդենց կանեմ, հայր սուրբ»։ Էն ա ըսկի մի սահաթ չըքաշեց, տենեմ ղոչաղ աշչին հինգ իշխանն էփած, սինումը դարսած, տաք-տաք, շալքը (գոլորշին) բանցրանալեն բերավ դրավ առաջս, հետն էլ չորս լավ փափուկ հացեր։ Օրը ըսենց լավ օր էր, մենք էլ հայաթումը (բակում) ծառերի տակին, կանաչկոտումը նստոտած։ Միաբաններն էլ դիփ հվաքվել են գլխիս որ տենան թե հինգ իշխանը ո՛նց պտի ուտեմ։ Էն ա, հենց որ աշչին սինին դրավ առաջս, էրեսիս խըչըհանեցի, ու «աստուած իմ, ի քեզ յուսացա, մի ամաչեցից, և մի՛ ծիծաղեսցին զինև և թշնամիք իմ»... ասեցի հու կցեցի ուտիլը... Մինը կերա, էրկուսը կերա, իրեքը կերա, չորսնջինումը ուզեցի նափաս (շունչ) քաշեմ։ Քուրդ Գրիգոր վարդապետը ասավ «ա՛յ տղա, բանդ բուրդ ա րևում». ասի՛ չէ, հայր սուրբ, յանղլիշ ես։ Իգնատիոս վարդապետն էլ, որ հլա էն վախտը սաղ էր, ասավ. «ա՛յ էրեց, ընենց արա՛, որ ղազախեցուց էրեսը սև չթողաս»։ Ասի՝ արխային կաց, հայր սուրբ, էրկու էսքան էլ որ ըլի, կուտեմ, միայն թե կարաք մի քիչ գինի հասցրեք ինձ։ Ասավ՝ «էս սհաթին»։