Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իսկ դուք շատ ուտելուց չե՞ք հիվանդանում, — ժպտալով հարցրեց Կամսարյանը, որ ըստ երևույթին ցանկանում էր քահանայի զրուցից յուր գործին պիտանի տեղեկություններ քաղել:

— Բա խի՞ եմ հիվրնդանում, քիչ որ ուտեմ, էն չախը կհիվնդանամ...

Այդ միջոցին Սալբին եկավ սեղանը հավաքելու, որովհետև ճաշը վերջացել էր։ Տեր-հայրը, որ սկզբում մոռացել էր սեղանն օրհնել, այս անգամ արդեն հիշեց յուր պարտքը և խոսքն ընդհատելով՝ «լիութիւն սեղանոյս անհատ և աննւազ արասցե»... աղոթքը կցեց և ապա «Հայր մերն» ասելով՝ ետ քաշվեցավ։

Երիտասարդը շնորհակալություն հայտնեց տանուտերին յուր հյուրասիրության համար, իսկ վերջինս համեստությամբ հարեց.

— Ավել պակասը բաշխես, աղա, գեղի տուն ա. հմմեն վախտ ազիզ (թանկագին) ղոնաղի արժան բան չըճարվիր:

— Այդպես մի՛ ասեք, խնդրեմ, շատ շնորհակալ եմ, — ընդհատեց Պետրոսը։

Իսկ քահանան, որ չէր սիրում ճաշելուց հետո իսկույն հեռանալ, որպեսզի ստամոքսին ժամանակ տա յուր մարսողական գործողությունն սկսելու, կցեց ընդհատված խոսակցությունը, որի նյութն, յուր կարծիքով, պետք է հետաքրքրում լիներ Կամսարյանին։

— Ասըմ ես շատ ուտելուց հիվընդանում չե՞ս... էս ա վաթսուն տարեկան մարդ եմ, սատանի անգաջը խուլ, հլա մի տեղս ցաված չի: Ղորթ ա, ջանով չաղ (գեր) չեմ, համա ոսկորս ընենց ղայիմ (ամուր) ա, որ ձեռս էրկաթ տաս, միջից կծալեմ էս դիփ նրանից ա, որ լավ ուտում եմ։ Հրես, տանուտերն էլ գիտում ա, թե որ ուզեմ, երկու ղազան (պղինձ) կերակուրը մի նափասըմը (շնչումը) կուտեմ։ Անգաջը կանչի Սոլոմոն սարկավագին: Մի օր Սևանա վանքումը նստած ենք, էլի ըսենց ուտելի վրա խոսք վեր եկավ։