Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա դառնալով հարսներին՝ ասաց.

— Բի՜, խի՞ եք կաղնել, նստեցեք բան արեք, էս ղոնաղը ճանփորդ ա, ուզում ա տենալ՝ ո՛նց եք կարպետ գյործում:

Կանայք իսկույն իրենց տեղերը բռնեցին և գույնզգույն թելերը նորեն ձեռք առնելով, սկսան արագ-արագ գործել՝ յուրաքանչյուրն յուր բաժին հինվածքի վրա։

Այս անգամ արդեն Պետրոսը դիտում էր գեղջկուհիների գործը ճշմարիտ հետաքրքրությամբ, և զարմանում, թե ի՞նչպես նրանք, առանց առաջները որևէ նկար ունենալու, թելերի այդ պարզ հինվածքի վրա հետզհետե հանում էին կանոնավոր գծերով գեղեցիկ նկարներ, կամ թե ի՜նչպես մի քանի զույգ ձեռքերի զատ-զատ գործվածքը վերջն ստեղծում էր մի ամբողջ նկար:

— Ա′յ, սա լավ բան էր, սրան հավանեցի,— ասաց Կամսարյանը, երբ նրանք հեռացան գորգ գործողներից։

— Ա′ մեր ո՞ր բանը չի լավ է՜, դու հլա ի՜նչ ես տեհել,— պարծեցավ տեր-հայրը։

Այս խոսքի վրա նրանք անցնում էին մի ուրիշ տան բակով, ուր ընտանիքի մայրը և յուր երեխաները զբաղված էին մի տարօրինակ աշխատությամբ։

Բակի մի անկյունում տղաներից երկուսը մերկ ոտքերով ու սրունքներով կոխկրտում էին մի ինչ-որ սև զանգված, որի վրա երրորդը հետզհետե ցրում էր դարմանի ավելցուկ։ Մի փոքր հեռու, մայրը նույն զանգվածից մի մասն առանձին առած, մեծ ջանքով հունցում էր, իսկ միջահասակ մի աղջիկ, կռները սոթտած, այդ հունցվող մասից շինում էր բլիթներ և ուժով զարկում տան արեգընդդեմ պատին, այնպես որ կրաշաղախով ծեփված այդ պատը, հետզհետե սևուկ բլիթներով ծածկվելով, ստանում էր մի շատ աղտեղի կերպարանք։

— Այդ ի՞նչ են անում,— հարցրեց Կամսարյանը։
— Ցան են շինում,—պատասխանեց տանուտերը։
— Ցա՞ն։
— Հա՛։