— Ի՞նչ բան է ցանը։
— Ցան չե՞ս գինալի, էն որ էսօր մեր օջախ կվառեր։
— Ցան սրանք աթարին են ասում, հրեն էն, որ ընդի ամբյուղ տված (դիզված) ա, — բացատրեց տեր-հայրը, ցույց տալով Կամսարյանին դիմացի բակում գտնվող քակորի կույտը։
— Ինչի՞ց են պատրաստում, — հետաքրքրվեց Պետրոսը։
— Չես տենում ինչի՞ց ա, — հարցրեց քահանան։
— Տեսնում եմ միայն սև-կանաչ գույնի մի ցեխ. կարծեմ մեջը խառնված է տավարի...
— Ոչ թե խառնված ա, հենց ինքը տեղն ու տեղը տավարի թրիք ա, — ընդհատեց քահանան և ապա կամենալով մի գիտական ծառայություն անել երիտասարդին, սկսավ բացատրել, թե ինչպես են պատրաստում աթարը։ — էս որ կա, ամենից լավ տեսակն ա, չուն տավարի անխառն թրիք ա։ Սրան էս ա սըհենց թազա-թազա (թարմ) հվաքում են, հետը դարման խառնում ու պատի վրեն բլիթում։ Էս որ չուրանա, ընենց ա էրիլու, ոնց որ խազալը (չոր տերև)։ Ամա էն մեկելը, որ ընդի դարսած ա, ըսենց չեն շինում։ Եփոր ձմեռը տավարը տանըն ա ըլում, կյումումը (գոմումը) բոլ (առատ) թրքում ալ էն թրիքը հվաքում են դյուս բիրում հայաթն (բակ) ածում, նրա հետ էլ շատ վախտ խառնում են ձիան թրիք, յա ոչխարի կըտիտ. ամա դե լավն էն ա, որ ըսկի չխառնեն, չուն նրանք լավ չեն էրում։ Ետո էդ հայաթի մեջ ածած թրիքը մի զոլից կոխ են տալի մարդ թե անասուն, մի ղոլից էլ վրեն ավելացնում։ Գարունքին երբ որ տավարը դյուս ա գալի չոլ, հայաթի շատ կոխ տալուց չուրացած ու տափակած ա ըլում։ Էն ա, սկսում են բահով կտրիլ ու մեկել երեսով արիվումը չարիլ։ Եփոր լավ չուրանամ ա, սկսում են դարսիլ, դեզ շինիլ: Վերջը էդ դեզի չորս ղոլը ցխով ծեփում են, որ անձրևից չթրջվի արևից ցրիվ չգա։ Ում աթար էլ, որ գարունքին չուրացած չի ըլում, նա էլ պահում ա, ամառը կտրում։ Ըսենցով ամեն մարդ իրա վառելիքի պատրաստութինը տենում ա, որ ձմեռը նեղութին չքաշի։
— Եվ բոլոր տարին, ուրեմն, դուք այդ գարշահոտ քակո՞րն եք այրում,— հարցրեց Կամսարյանը զզվանքից երեսը թթվեցնելով։