Էջ:Muratsan, vol. 6.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էդ քու ասիլով քակորը, որ փիս բան ա,— մեջ մտավ քահանան,— բա խի՞ աստվածաշնչում մարգարեն ասում ա՝ «ահա, ետու քեզ քակոր արջառո... և նովավ արասցես զհաց քո...»։ Ուրեմն, աստոծ էլ ա հրամայում, որ հացը քակորով թխենք։

— Էհ, տեր-հայր, դու էլ մի քանի բան ես բերան արել, տեղի անտեղի խարջում ես... խոսք եմ ասում, խոսքս լսիր,— նկատեց Կամսարյանը տաքանալով։

— Ո՞նց թե մի քանի բան... ուզում ես սաղ Դավթի սաղմոսը, յա Առակյաց գիրքը, յա Ժողովողին գլխից ինչ կըլի տակը անգիր ասեմ, մգլար դու տեր-Վանուն ընչի՞ տեղ ես դրել։

Կամսարյանն այս անգամ նույնիսկ ուշադրություն չդարձրեց քահանայի խոսքերին և դառնալով Պետուն ասաց.

— Այո, բարեկա’մ, այս ժողովուրդը ծույլ ժողովուրդ Է, նա որ ծույլ չլինի, կաշխատի, մարդավարի կապրի․ սա կյանք չէ, որ նա վարում է. սա գյուղ չէ, ուր նա ապրում է․ նայիր է՜․ մի կոտրված ձեռք չի գտնվել այս ամբողջ շենի մեջ, որ մի տեղ գոնե մի հատ ծառ տնկե... սա խայտառակութչուն չէ՞։

Այս ասելով նա դարձավ տանուտերին և ցանկություն հայտնեց տուն վերադառնալու, որովհետև ման գալուց արդեն հոգնել էր։ Քահանան ու Պետին բաժանվեցին նրանցից, իսկ տանուտերն յուր հյուրին առաջնորդեց դեպի տուն։

ԺԲ

Արևը մայր մտնելու մոտ, ծովակի կողմից սկսել էր փչել զով քամին, որին գյուղացիք սպասում էին ժամեժամ։ Նրա անելիք ծառայությունը մեծ էր։ — Ցորենի խուրձերը կալսել, հասկերը տրորել էին, այդ քամին պիտի գար, որ դարմանը զատեր։ Եվ ահա կալերի վրա, որոնց մեծ մասը գտնվում էր կտուրներին, սկսվել էր մեծ շարժում։