Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն տեղ ձեռքերը գործում էին ժրությամբ, եղանները բարձրանում ու իջնում էին և իրենց հետ միասին օդի մեջ մրրկում հարդի փոշեխառն վիժակներ։ Դրանցից քամին դարմանը խլելով տանում, փռում էր կալի եզերքին, իսկ ցորենը նորեն գետին իջնելով, կազմում էր մաքուր հատիկների կույտեր։

Կալերում սկսված այդ աշխատանքը գյուղի օդը տոգորել էր դարմանի մղմեղ փոշիով։ Երիտասարդ Կամսարյանը մի քանի տեղերից անցավ գրեթե փախչելով, որպեսզի օդում փոթորկվող այդ փոշիից ազատե թե՜ թոքերը և թե՜ հագուստը։ Երբ նա տուն հասավ, մի առանձին հաճությամ նայեց սրահում դրված ինքնաեռին, որ հակառակ սպասածին, բավական մաքուր էր և որի մեջ ջուրը եռում էր արդեն։ Տան տիկինը սպասում էր ամուսնուն, որ սա գաթեյը պատրաստելու, ըստ որում գյուղերում այդ ոչ սովորական գործողությունը կինը յուր ուժից և իրավունքից վեր բան է համարում։

Թեյ խմելու մեծ ցանկությունը հիշեցրեց Կամսարյանին ճաշի պատրաստության բոլոր պատմությունը և զգուշացրեց նրան միջոցներ ձեռք առնել, մաքուր թեյ խմել կարենալու համար։

— Ես լավ թեյ ունինմ, թողեք նրանից դնեմ,— ասաց երտասարդը և առնելով թեյնոցը, որ հենց նոր տանուտերը ստացել էր կնոջից, յուր ձեռքով լվացավ, մաքրեց հին կեղտերից և ապա տուն մտնելով, հանեց պայուսակից յուր թանկանոց թեյը, մի քանի պտղունց դրավ թեյնոցի մեջ, եռման ջրով մի անգամ ողողեց և ապա նորեն վրան ջուր լցնելով, դրավ ինքնաեռի վրա։

—Էդ իմա՞լ օղողիր, չայի խամ կորսըվավ,— նկատեց տանուտերը։

—Չե, չի կորչիլ․ չայի վրա մի անգամ պետք է քիչ ջուր լցնել, թափել, որ փոշիից մաքրվի և ապա նորից լցնել,—բացատրեց Կամսարյանը։

—Մե խետ պրիստավ էկավ մեր գեղ, մեզի ղոնաղ եղավ․ ինչոր չայ ուզեցի քեզի պես վլամ (լվամ), էն չթորգեց, ասավ խարաբ կեղնի։