Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պրիստավը չի հասկացել,— կարճ կապեց Կամսարյանը։

Թեյը պատրաստելուց հետո, երիտասարդն յուր ձեռքով լվացավ նաև բաժակներն ու պնակները և սեփական սրբիչով սրբեց։ Ապա թեյն ածելով, բաժակներից մինը դրավ տանուտերի և մյուսն յուր առաջ։ Հետո հանեց նույնպես մաքուր քսակից շաքար և դրավ մեջտեղ։

Տանուտերն յուր բաժակն առնելով մի ումպ ճաշակեց և բացականչեց.

— Օխա՜յ, էս ի՞նչ անուշ ա. իմա՞լ մեր չայ իսենց խոտ չի տալում։ Էրևում ա, մենք շինել չենք գինա։

— Չէ, ոչ թե շինել չգիտեք, այլ ձեր չայը լավ տեսակից չի լինում. լավ տեսակը թանկ է։

— Խա, իդե′նց ա,— համաձայնեց տանուտերը:

Բայց ինչպես երևաց, վերջինս չար աչք էր ունեցել, երիտասարդը դեռ բաժակը բերանը չէր տարել, որ նոր բարձրացած մի քամի, հարևան կալի կողմից, բերավ մանրամաղ դարմանի փոշին ու տանուտերի սրահը լցրեց։ Պետրոսն իսկույն փակեց աչքերը փոշիից նրանց ազատելու համար։ Ապա երբ քամին անցավ առաջին բանը, որ նա տեսավ, յուր թեյի բաժակն էր, որ ամբողջովին ծածկվել էր դարմանով ու փոշիով։

— Ֆու, ի՜նչ խայտառակություն,— շշնջաց նա ինքնիրեն և բաժակն առնելով, թեյը թափեց գետին։

— Էդ իմա՞լ դեն ածիր. դարման ա, բան չկա. ա′յ, ձեռքով դուս խանեմ, հմմենը կթամըզի, — ասաց տանուտերը և մատները խրելով յուր բաժակի մեջ սկսավ դարմանի փշուրները հանել և ապա խմել։

Կամսարյանը թթված դեմքով նորեն լվացավ բաժակը, նորեն լցրեց և այս անգամ արդեն զգուշության համար պնակը դրավ բաժակի բերանին, որպեսզի մինչև սառչիլը փոշի֊բան չընկնե մեջը։

— Դժվար է, շատ դժվար է այստեղ ապրել,— նկատեց Կամսարյանը գլուխը շարժելով։

— Խա, քե նման աղա մարդու խմար դժար ա. ամա մեզ խմար խեշտ ա,— հարեց տանուտերը և խոսակցությունը այս անգամ սրանով վերջացավ: