Մինչդեռ երիտասարդին պաշարել էր այն միտքը, թե ի՞նչ անկողին պիտի բերեն իրեն և թե արդյոք ինքը կարո՞ղ պիտի լինի քնել նրա մեջ, տանտիկինը դուրս հանեց գունավոր կտավի մի կապոց, որի մեջ խնամքով պահված էր մի ձեռք մաքուր անկողին։ Նա բացավ կապոցը, անկողինը պատրաստեց և հեռացավ։
Պետրոսը անկողնի մաքրությունը տեսնելով, հանգստացավ։ Բայց անհայտ անմաքրությունից ազատ լինելու համար էլ նա կարևոր համարեց հանել պայուսակից երկու մաքուր սավան, որոնցից մինը փռեց ներքնակի վրա, իսկ մյուսը՝ վերմակի տակից։ Երբ տանուտերը «բարի գիշեր» մաղթելով հեռացավ, Պետրոսն իսկույն հանվեց ու պառկեց։ Հոգնածությունն ու զով գիշերը անուշ քուն բերին երիտասարդի աչքերին։
Հետևյալ առավոտ նա աչքերը բացավ արշալույսից առաջ։ Եվ որովհետև այդ ժամին տանուտերի ամբողջ տունը ոտքի վրա էր, ուստի ինքն ևս շտապով հագնվեցավ։ Կամենալով լվացվել աղբյուրի սառը ջրով, նա յուր հետ առավ լվացման պարագաները և հարցնելով աղբյուրի տեղն ու ճանապարհը, ուղղվեցավ այն կողմը։
Ուղին, որ տանում էր դեպի ջուրը, անցնում էր մի թմբից, որի առաջ այդ վայրկենին բացվում էր բնության գեղանկար մի պատկեր, որի հանդիսարանը Գեղամա ծովակն էր։ Այդտեղից նայելուց երևում էր նրա ընդարձակ դաշտը, որ կարծես շրջակա լեռները ետ մղելով, ձգվում, տարածվում էր դեպի արևելյան հարավ, փայլելով առավոտյան վճիտ երկնքի տակ գորշ-կապույտ գույնով։ Թեթև մկանունքները հազիվ շարժում էին խաղաղ մակերևույթը, որ հեռվից թվում էր անշարժ ու միապաղաղ։ Քանի դեռ արևելքը չէր բոցավառվում, երկնքի վրա լողացող ամպերից նրա հոսանքներում անդրադառնում էին սպիտակ ու մոխրագույն շերտեր։ Քայց երբ նա շառագունեց, ծովակն սկսավ փոխել յուր պատկերը։ Շըրջակա ափերը փայլփլում էին ոսկու պես, մինչդեռ խոր հարավը հետզհետե ներկվում էր քրքումի գույնով։ Մի փոքր ևս, և ահա արևի սկավառակը փայլեց Մարալ-Դաղի կանաչազուրկ կատարին և յուր առաջին ճառագայթներով սկսավ ոսկեզօծել լճի արևմուտքը բռնող Չիչեկլիի և հարավը փակող Յուչթեփելերի լանջերը։