Այդ տեղերից հետզհետե նրա շողերն իջնելով վառում էին Սևանի մենավոր կղզին և ապա ծովակի ընդարձակ մակերևույթը, փոխելով նրա գեղածուփ մկանունքները ոսկու կամ արծաթի, և փայլեցնելով նրանց բյուր ադամանդ աչերով։
Երկար դիտելով այդ գրավիչ տեսարանը, Կամսարյանը հանկարծ ետ նայեց դեպի գյուղը, տեսավ նրա գծուծ և տխուր պատկերը, հիշեց այն ամենը, ինչ որ մի օրում նա այդտեղ տեսել ու քննել էր և նրա սրտից ակամա դուրս թռավ մի հառաչանք։
— Ա՛խ, եթե կարողանայի, եթե հնարավոր լիներ...
Այդ նրա բարի, գաղափարական «ես»-ի ձայնն էր, որ բնության հրաշափառ տեսարանի առաջ դարձյալ իշխեց հնչելու... Բայց անձնասիրության «ես»-ն ևս քնած չէր այդ ժամանակ. նա էլ յուր կողմից շշնջում էր երիտասարդի հլու ականջին.
— Ի հարկե, չես կարող, ի հարկե, անհնար է... այս ժողովրդի կյանքն ու վիճակը քսաներեք դար առաջ այսպես է նկարագրել Քսենոփոնը, քսաներեք դար հետո էլի այսպես կնկարագրե մի ուրիշ Քսենոփոն... այստեղ դու ոչինչ փոխել չես կարող։
Ըստ երևույթին այդ «ես»-ին էր վիճակված տանել հաղթությունը։ Որովհետև երբ երիտասարդն աղբյուրին հասնելով տեսավ նրա վիճակը,— մի հորդառատ ու վճիտ աղբյուր, որ մարդկանց ծարավը հագեցնելու համար սողում-անցնում էր Այծեմնասարի ո՞վ գիտե քանի թաքուն խորշերից և հասնելով այստեղ, փոխանակ սրբատաշ ավազանում ցայտելու, անարգ ու անպատիվ գետահետում էր ընդարձակ տիղմի և անասունների արտաթորությանը միջով — նա գլուխը շարժեց և ասաց.
— Ոչ, անկարելի է, մեր ուժերից վեր է... դա միայն ցնորք է և բանդագուշանք. ես իզուր եմ այստեղ ժամավաճառ լինում։