ԺԳ
Երկար չտևեց ճանապարհորդությունը, թեպետ Կամսարյանը կցանկանար, որ նա մի քիչ երկարեր։ Որովհետև յուր նոր թամբի և աշխույժ ձիու վրա նա այնքան էր իրեն երջանիկ զգում, և փայլուն հրացանը, որ ուսից կախած էր, այնպիսի մի հարգարժան առավելություն էր տալիս իրեն, որ նրան թվում էր, թե այդպիսի տրամադրությամբ ու պատրաստությամբ ուղևորություն կատարած ժամանակ, ինքն հոգվով ու սրտով ավելի է «մեծանում», քան թե էր իսկապես, կամ ընդունակ դառնում կատարելու «մեծ գործեր», որոնց մասին նա առաջ այնքա՜ն շատ երազում էր, իսկ այժմ վախենում մինչև իսկ մտածել... Եթե երիտասարդի այդ տրամադրության վրա ավելացնենք նաև հրաշալի եղանակը, որ արևի թեթև ամպերով սքողված լինելու պատճառով զով էր ու դյուրեկան, այլև ճանապարհի հանգստությունը, ըստ որում խճուղին ոչ խոչ ուներ, ոչ խութ, նույնպես և լճափի անուշ հովերը, որոնք իրենց սույլի հետ բերում էին նաև դաշտային թռչունների բեկբեկ երգերի ձայներ, և վերջապես լճի սիրուն տեսարանը, նրա ալիքների ափնածիր ծփանքը, որոնք հաճախ գալիս, ողողում էին խճուղու եզերքն ու արահետը, այն ժամանակ հասկանալի կլինի թե ինչու Կամսարյանը ցանկանում էր յուր ճանապարհը երկարեր։ Բայց չնայելով այդ ցանկության, նա հասավ «ճոճ թմբին» ավելի վաղ, քան սպասում էր։
Անցնելով այդ թումբն եզերոզ ճանապարհը, նա, առաջնորրի ցուցմամբ, իջավ լճափը և մոտեցավ խճավազի մեջ ցցված ժայռերի մի շարի, որ համարվում էր նավամատույց։