Լճափին կային նաև ուրիշ ուխտավորներ, որոնք սպասում հին կղզուց գալիք նավակին։ Որովհետև այդ կետում (չնայելով, որ նա ավելի մոտ էր կղզուն, ուստի և ավելի էլ եկվորներ էր գրավում) չկային վարձու նավակներ, ըստ որում տեղը ամայի էր և բնակությունից հեռու, եկողը պետք է հրացանով նշան տար, որպեսզի կղզուց նավակ բերեին։ Բայց որովհետև ուխտավորները հրացան չունեին, ուստի սպասում էին, որ կամ կղզուց նշմարվին և կամ բախտը իրենց մի հրացանավոր հասցնի։ Վերջին ակնկալությունը կատարված էր։ Կամսարյանն շտապեց փորձել յուր երկփողյա ամերիկականի զորությունը, դնելով նրա մեջ երկու փամփուշտ և արձակելով նախ` աջ և ապա` ձախ փողերից։ Հրացանի ույժն արդարև սաստիկ էր և որոտն ահավոր։ Կղզեցիներն, անշուշտ, իմացան, որ այդ ձայնը աղքատ գյուղացու հրացանի ձայն չէ, որովհետև երկրորդ հարվածից հետո իսկույն կղզու նավամատույցի վրա բուսան երեք հոգի, որոնք մտնելով այնտեղ կապած նավակներից մինը, սկսան առաջանալ դեպի եկվորները։
— Կըտենա՞ ս, բարեկամ,— խոսեց ուխտավորներից մինը յուր ընկերոջ հետ,— քյասիբն ընրու խամար ա կորում, որ քյասիբ ա։ Էս ճոճ մարդ եկած չըհլեր, մեզի սաղ օր կթորգին ըստեղ... էս խոքևորի արարք ա։
— Ո՛վ է մեղավոր, որ դուք հրացան չունեք, որպեսզի նշան տաք,— մեջ մտավ Աամսարյանը, տեսնելով որ գյուղացին անիրավ տեղն է տրտնջում։
— Խրացան էլ ըլնի, գեղցուն էլի բանի տեղ չեն դնի,— առարկեց ուխտավորը։
— Ինչո՞ւ,
— Ընդուր որ գեղցին բան չունի նրանց տալու։
— Էհ, ամեն տեղ այդպես է, ով չի տալիս, նա չի էլ ստանում ։
— Հմմեն տեղն ուրիշ ա, վանքն ուրիշ, էս խոքևոր տուն ա, բյությունն էլ (բոլորը) էստեղ խավասար ին, ոչ ճոճ պետք ա ըլնի, ոչ պստիկ։