Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էստեղ մի Մելքոն ճգնավոր կար, աստված հոգին լուսավորի, վանքի վրան երախտիք ունի, էս ճանպաներն էլ նա է շինել,— ցույց տվավ վանահայրը բլուրը հանող կեռմանները,— նա երբ իմանում ա, որ Գրիգոր Լուսավորչի ձեռքով շինած ս.Հարության տաճարն էստեղ ա, սկսում ա իրա ձեռքով հողը քանդել ու կամաց - կամաց տաճարի հիմքերը բանալ։ Երկար ամիսներ մեն-մենակ աշխատելով, էս դիփ, ինչ որ հիմա տեսնում ես, լուս աշխարհ ա հանում ու էնդուց էդը մեռնում։ Մի օր էստեղ մեր վանքը մի ուսումնական էր եկել։ Նա էս ավերակը որ տեսավ, ասեց թե` պատմությունից էրևում ա, որ սա ոչ թե Գրիգոր Լուսավորչի ձեռքով շինած տաճարն ա, այլ թե հին, Սյունյաց ժամանակի կռատունը։ Ս.Հարության տաճարը, ասեց, պետք է ուրիշ տեղ էթած ըլի, յա չէ հենց էն տեղումը, որտեղ հիմի ս.Աստվածածինն ա շինված։ Ա՛յ, էն օրից դեսը մեր սիրտը շաք (կասկած) ա ընկել, ասում ենք ղորթ չըլի՞ սա կռատունն ա: էս միաբանն էլ հմի էն ա ասում, թե՞ դրուստ, որ սա կռատուն ա, լավ կբլի, որ մեջտեղից վերցնենք։

— Ի սեր աստծո, հա՛յր սուրբ, այդպիսի բան մի մտածեք,— բացականչեց Կամսարյանը,— դա պատմության ու գիտության դեմ հանցանք գործել է նշանակում։ Կռատուն չլինի, թեկուզ կրակատուն լինի, այս ավերակը դարձյալ սրբությամբ պիտի պահվի։

— Դե ո՞վ ա ասում չպահվի, որդի, խոսքը տեղը եկավ խոսեցինք։ Ինձ հարցնես, ես կասեմ մնա. չուն դա, որ հմի ավերակ ա, մյուս տաճարներին էլ ի նչ վնաս կարա տալ։

Վանահայրը թեպետ առերես հակվեցավ երիտասարդի կողմը, բայց այդ արավ լոկ դեպի քաղաքացի «աղան» ունեցած ակնածությունից, ապա թե ոչ, նա մինչև վերջն էլ չհասկացավ թե այդ մարդն ինչո՞ւ է պահանջում, որ կռատան ավերակը պահվի։

Այժմ նրանք նորից պիտի իջնեին վար` միաբանական կացարանները նայելու։ Բայց այդտեղից բացվում էր այնպիսի մի սիրուն ու գրավիչ տեսարան, որ փոքր ինչ ավերի այնտեղ չկանգնելն ու այդ տեսարանով չհիանալը՝ հանցանք դարձել կնշանակեր։