Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ամենը երիտասարդի վրա ծանր տպավորություն արին, սակայն նա լուռ էր, լսում էր միայն վանահորը և մեքենաբար նայում նրա քույր տված տեղերին։

Բլրի գագաթին հասնելուց, վանահայրը մատնացույց արավ քառակուսի մի շենքի հազիվ մի կանգուն բարձրությամբ որմերի մնացորդները և հայտնեց, որ դա Սևանի անդրանիկ եկեղեցին, ս.Հարության տաճարն է, որ հիմնել է ս.Գրիգոր Լուսավորիչը։

— Եթե այդպես է, դա մի պատկառելի հնություն է,— նկատեց երիտասարդը։

— Հա՛, հնություն ա,— հաստատեց վանահայրը։

— Հապա ո՞ւր են ավերակի գլխավոր մասերը։ Անկարելի է, որ այդպիսի մի ընդարձակ տաճարից այսքան միայն մնար, մանավանդ որ սա կղզու մեջն է և սրա քարերը չէին կարող շրջակա բնակիչները հափշտակել, տանել։

— Ո՛վ ա գիտում, ո՞ւր ա, հրեն ընդի մառան ա շինվել, փետատուն ա շինվել, ուխտավորի համար օթախներ են շինվել, ուրիշ տեղերից որ քար կրեին, ո՛նց կբլեր. հազիր էստեղ էլել ա. առել բանացրել են։

— Այդ հո բարբարոսություն է,— բացականչեց Կամսարյանը սաստիկ վրդովվելով։

— Ինչի՞ ա բարբարոսություն, վանքի համար որ խնայողություն են արել, վա՞տ բան ա։

— Դա ի՞նչ խնայողություն է, հինավուրց մի տաճարի ավերակը նորոգելու, կամ ինչպես որ կա, սրբությամբ պահպանելու փոխարեն, դուք առնում քանդում եք և ասում, թե դա բարբարոսություն չէ ։

Վանահայրը զարմացած նայում էր երիտասարդին և չէր կարողանում հասկանալ նրա զայրույթի պատճառը։

— Ես հլա ասում եմ, հայր սուրբն էդ մնացածն էլ քանդիլ տա, տեղը թամըզի (մաքրի),— խոսեց լուսարարը։

— Ինչո՞ւ,— գրեթե սարսափով հարցրեց երիաասարդը:

— Ինքը գիտում ա, կասի,— պատասխանեց վարդապետը, ձեռնհաս չհամարելով իրեն բացատրություն տալու։

— Գիտե՞ս ինչ կա,— խոսել սկսավ վանահայրը,— առաջ էստեղ թամուզ էր, շուն երևացող քարերը տարել, բանացրել էին, մնացած պատերն էլ հողում թաղված` չէր երեևում։