Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկար նայում էր Կամսարյանը այս գեղեցիկ տեսարաններին և նրանցով հիանում, երբեմն էլ հարցեր տալիս վանահորը` իրեն անծանոթ այս ու այն տեղի, լեռան կամ բնակության մասին և լսում նրա բացատրությունները, առանց, սակայն, աչքերից դիտակը հեռացնելու։

Նշմարելով լճակի հարավակողմում երկու փոքրիկ կղզյակներ, որոնց վրա չկային ոչ շինության հետքեր և ոչ էլ կանաչ, երիտասարդը հարցրեց վանահորը թե ինչ բաներ են նրանք։

— Նրանք այս ծովակի «անառակ որդիներն» են,— պատասխանեց վանահայրը ծիծաղելով։

— Անառա՞կ, ինչո՞ւ այդ անունն եք տալիս նրանց։

— Էն դուր որ չոր, ամայի բաներ են. ոչ ասունի են պետք, ոչ անասունի, դատարկ տեղից գլուխները վեր են ցցել, որ ասեն թե` հա՛, մենք կանք։ Էդ թահր մարդիկ էլ շատ կան աշխարհում։ Այ, հենց մեր էս պուճուր (փոքրիկ) Սևանը, որ ման գաս, էլի միջումը մի քանի հատ կգտնես, վրաները մտիկ տաս, կասես վարդապետ են, ամա որ մեջները պարես կասես` սկի մարդ էլ չեն։

Վանահայրն, ըստ երևույթին, կամենում էր դարձյալ խոսքը բերել երիտասարդ վարդապետների վրա, որովհետև այն կարծիքին էր, թե նրանք յուր մասին պետք է որ աննպատակ բաներ խոսած լինեին Կամսարյանի առաջ։ Այդ պատճառով աշխատում էր, որ վերջինս հասկանա թե ինչ մարդկանց հետ է գործ ունեցել ինքը, որպեսզի յուր մասին վատ գաղափար` չունենա։