Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց երիտասարդը տրամադիր չէր նման զրույցներ լսելու, այդ պատճառով խնդրեց, որ այժմ վանահայրը ցույց տա իրեն միաբանության կացարանները։

— Հա, լավ կլի, գնանք։ Ա՛յ, հենց էստեղից էլ երևում ա. տեսնո՞ւմ ես ինչքան տեղ ա բռնած. հազար սաժին կըլի:

— Ո՞րը. ես ոչինչ չեմ տեսնում,— ասաց Պետրոսը նայելով վանահոր ցույց տված կողմը։

— Ա՛յ էն մեծ տափարակը, որ ս.Աստվածածնին կպած ա։

Երիտասարդը նորից նայեց և ոչինչ չտեսավ։ Բլրի բարձրությունից, արդարև, երևում էր մի ինչ-որ ընդարձակ, բարձրկեկ տափարակ, որի վրա տեղ-տեղ երևում էին փոքրիկ ծխնելույզներ ու ցած երդիկներ, կիսով չափ ծածկված-դեղնած խոտերի մեջ։ Վերևից թվում էր, թե այդ տափարակը բակի մի մասն է։ Մինչդեռ վանահայրը բացատրեց թե հենց դա է կազմում կտուրը միաբանական այն կացարանների, որոնց մեծ մասը ս.Աստվածածնի հետ միասին շինված են Սյունյաց Մարիամ Տիկնոջ ձեռքով 877 թվին։

— 877 թվի՛ն. ուրեմն հազար տարվա հնությո՞ւն ունին դրանք,— զարմացավ երիտասարդը։

— Հազար տարուց ավելի ա, բա՛,— հաստատեց վանահայրը։

— Գնանք, ուրեմն, գնանք։ Հետաքրքրական է տեսնել այդ շենքերը, ուր հազար տարի շարունակ ապրել են ձեր նախորդները,— ասաց երիտասարդը և առաջ անցավ։

Բլրի լանջն ակոսող կանոնավոր կեռմաններից դեպի տափարակն իջնելով նրանք մտան մի դռնով, որ բլրի ստորոտից հեռի էր միայն մի քանի քայլով։ Այդ դուռը նրանց մի կարճ միջանցքով մտցրեց մի ուրիշ, ավելի երկար, համեմատաբար լայն, բայց և խիստ մթին միջանցք, որի երկու կողմից, կրկնաշար ուղղությամբ շինված էին միաբանական միահարկ խուցերն ու խցիկները։ Դրանց մուտքերը հազիվ նշմարվում էին շնորհիվ մի նվազ լույսի, որ մտնում էր այդտեղ` երկար միջանցքի՛ երկու հանդիպակաց դոներից (որոնցից մինը հանում էր ծովափը, իսկ մյուսը` բակի հեռավոր մի կողմը, ուր գտնվում էին ուրիշ երկրորդական շինություններ, ինչպես օրինակ, փայտատուն, մարագ, ախոռ դարբնոց և այլն)։