Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իբրև նյութական ապացույց այստեղ ապրողների անշարժության, ահա այն կացարանները, որ դուք տեսել եք, որոնց մեջ ապրել են նախկին միաբանությունները և որոնց մեջ, ահա, ապրում ենք նաև մենք։ Այդ շինությունների կառուցումից մինչև այսօր՝ անցել են հազար երկար տարիներ։ Եվ սակայն նրանք մինչև այսօր էլ նույն խոնավ, բորբոսնած, հողածածկ կտուրով խցերն ու խցիկներն են, որոնք ամենից առողջ մարմիններն իսկ մաշելով, մաշել ու ծյուրել են նաև նրանց հոգին և անընդունակ դարձրել մի ճշմարիտ ու էական բարիք ստեղծելու... Անշուշտ դուք անցաք այդ կացարանները իրար հետ միացնող բավղաձև անցքերից, տեսա՞ք թե ինչպիսի՞ խավար է տիրում նրանց մեջ... Հարկավոր չէր ոչ մեծ խելք, ոչ էլ ճարտարապետական տաղանդ, որ մարդ իմանար, թե այդ միջանցքների վրայի կտուրը ծակելով և մի քանի տեղ, եթե ոչ ապակե պատուհաններ, այլ գեթ հասարակ երդիկներ դնելով, կարելի էր բոլոր անցքերը միանգամից լուսավորել։ Սակայն հազար տարի այս խավարում խարխափող միաբանությունների մեջ չի գտնվել մի գլուխ, որ այդ հասարակ ճանապարհով աստուծո տված լույսն այդ անցքերը մտցնե և նրանց անթափանցելի խավարը փարատե։ Ճիշտ այդ ձևով էլ խավար են մնացել այդ խուցերում ապրող մարդկանց ոգիները. արդյունքը եղել է այն, ինչ որ տեսնում եք այսօր...

Երիտասարդ աբեղան երևի դեռ երկար կճառախոսեր, եթե խմբին չմոտենար վանքի տնտեսը և վանահոր կողմից չհրավիրեր հյուրին ճաշի։

Այդ հրավերը զգաստացրեց թե՛ խոսողին և թե՛ լսողներին. ուստի ամենքը միասին ելնելով եկեղեցու գավթից, առաջացան դեպի բակի սիզավետ կողմը, ուր հովանավոր ուռիների տակ բացված էր ընդհանուր սեղան, որը և բոլորեցին նրանք, իրենց գլուխ ունենալով վանահորը։

Վերջինս սեղանն օրհնելով առաջարկեց հյուրին վայելել վանական «անպաճույճճ» ճաշը, որի տկրատը բաղկացած էր պանրից, եփած ձուերից և աղած կողակից, իսկ խորտիկը, որ հետո բերին, թանապուրից, նոր խաշած իշխաններից և ձավարով ու յուղով պատրաստած «քաշովի»—ից։