Մի՞թե չէր կարելի հիմնել այստեղ ժառանգավորաց մի բարեկարգ դպրոց, որի սաները աշխարհային աղմուկից ու ապականությունից հեռու, այս առողջարար օդում, այս պայծառ երկնքի տակ ապրելով և ուսանելով' պատրաստվեին հասարակաց ծառայության համար.․. Մի՞թե չէր կարելի ժողովել այստեղ հմուտ, բանիբուն, գիտությամբ ու առաքինությամբ հայտնի հոգևորականներ և կազմել նրանցից մի գիտական կաճառ, որ պարապեր հին գրականությունը մշակելով և նորը զարգացնելով։ Դուք հո ձեր աչքով տեսաք մեր այստեղի գրադարանը։ Որքա՜ն աղքատ, խղճո՜ւկ... մինչև իսկ ամոթ է գրադարան անունը տալ նրան․ մի քանի տասնյակ կիսամաշ ձեռագիրներ, մի երկու հարյուր հնատիպ գրյանք... քաղաքներում տիրացուներ կան, որոնք դրանցից ավելին ունին։ Բայց չէ՞ որ Սևանը հնումն հայտնի էր յուր բազմահարուստ մատենադարանով, չէ՞ որ շատ տեղերի գրական գանձերը այստեղ էին ամբարվում, կամ ավանդ դրվում։ Այժմ ո՞ւր են նրանք։ Բարբարոս թշնամիների ավերը, այո՜ շատ բան է կորզել Սևանից, նույնիսկ նրա գրագետ միաբանությունը անխիղճ կերպով է նրա գրական հարստությունը վատնել։ Բայց որքան ավելի զրկանք են պատճառել նրանք, որոնք այս յոթանասուն խաղաղ տարիների ընթացքում ձեռքերնին ծալած նստել են այստեղ և բավականացել միայն աղոթելով, կամ հսկումներ կատարելով... Ինչո՞ւ արդյոք Սևանը, որ գտնվում է հայրենի հողի վրա, նրա սրտի ու հոգու մեջ, ինքը չէ տալիս Վենետկին՝ այս հողին ու ջրին, սրա անցյալին ու ներկային վերաբերող ուսումնասիրությունները, սրա սրտին ու հոգուն հարազատ հուշերը և, ընդհակառակն, ինքն է նրանից մուրում։ Ինչո՞ւ..․ բայց այդ «ինչու»-ները անթիվ են և դրանց բոլորի պատասխանը մեկ. այսինքն այն՝ որ այսքան տարիների ընթացքում, չի գտնվել մեր երկրում մի մարդ, աշխարհական լիներ նա թե՛ հոգևորական, որ ոգևորվեր Մխիթարի զգացած ոգևորությամբ և վառեր Սևանում լուսո այն ճրագը, որ առաջին նվազ վառեց Լուսավորիչը և որն ապա տգիտությունն ու խավարը հանգցրին... Այո, եթե այդ մի հատ մարդը գտնված լիներ այստեղ, ապա դուք այսօր Սևանը չէիք տեսնիլ այսքան անշուք, անփառունակ, չէիք տեսնիլ նրա կյանքը այս աստիճան անշարժ, ոգին՝ մահամերձ...
Էջ:Muratsan, vol. 6.djvu/287
Արտաքին տեսք