— Հա՜, դե որ էդպես ա, լավ ա: Ասենք շատ տեսնելու էլ բան չունենք, մի դարտակ վանք ա, մին էլ մի քանի սևագլուխներ, եկողն ուրիշ ինչ պտի տեսնալ,— նկատեց սարկավագը ժպտալով, ապա նայեց աբեղաներին այնպիսի մի հայացքով, որով կարծես կամենում էր ասել «չլինի թե սխալվիք ուրիշ կարծիք հայտնել»:
Նրա դիտողությունը, սակայն, ոչ ոք առավ ուշադրության, իսկ Պետրոսը շտապեք նավակը, որ սպասում էր իրեն։
Ծովակն անհանգիստ էր, թեպետ ոչ անսաստ հուզված։ Ալիքները դեռևս խաղում էին իրար հետ և կարծես զգուշանում միմյանց ընդհարվելուց, որպեսզի ծովակի ժպտուն դեմքը չխռովեն:
Կամսարյանի հարցին թե` արդյոք ջրի անհանգստությունը վտանգ չէ սպառնում, սարկավագը պատասխանեց.
— Էդ տեսակ անհանգստությունից հեչ վտանգ չկա. ուրիշ ա, որ քիչ հետո քամին սաստկանա, բայց մինչև էն վախտը դու կլինես Չիբուխլուում:
Մինչդեռ ուղեկցող աբեղաներից մինը, որ մեր ծանոթ բողոքարկուն էր, երիտասարդին ավելի միամտացնելու համար, պատրաստակամություն հայտնեց ուղեկցել նրան մինչև դիմացի ափը:
Կամսարյանը սիրով ընդունեց այդ առաջարկությունը և նրանք միասին մտան նավակը, որ իսկույն էլ առաջացավ դեպի խորը։
Սակայն այստեղ ալիքները թվում էին հետզհետե ավելի անհանգիստ և, հետևապես, ավելի ահարկու։ Թեպետ թիավարների հուժկու բազուկների շնորհիվ հնատարազ նավակը սուրում էր արագ, այսուամենայնիվ ծփանքը նրան այնպես Էր տատանում, որ թվում էր թե ահա, ուր որ է, մի հորձանք կխուժե նավակի խորը և լցնելով այն` ուղևորների հետ միասին կիջեցնե հատակը։
Երիտասարդ աբեղան տեսնելով, որ Կամսարյանը երկյուղ է կրում, սկսավ նախ նրան հանգստացնել, ասելով որ ծովակի ավելի հուզված ժամանակն իսկ ամենքը նրա վրա երթևեկում են աներկյուղ, ըստ որում մինչև, այսօր դեռ ոչ ոք այդտեղ վտանգի չէ հանդիպել: