Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ հապա նրա ուշադրությունը ուրիշ բանի վրա դարձնելու համար, սկսավ նորեն խոսել վանքի ցավերից.

— Գիտե՞ք, բարեկա՛մ, ես շատ ուրախացա, երբ դուք վանահորից նվիրատվության մատյան պահանջեցիք։ Թեպետ ցավալի էր, որ նա կարծեց թե դուք մեր խոսքն եք կրկնում և ոչ թե ձեր սեփական ցանկությունը հայտնում, այսուամենայնիվ, լավ եղավ, որ այդ բանն արիք, որովհետև դրանով մեր դատին ուժ տվիք։ Երանի թե ամեն այցելու այդպիսիսի պահանջ անե նրանից։ Այն ժամանակ նա կիմանա, որ համեստության պակասությունը կամ ըմբոստությունը չէ պատճառը, որ մենք ևս հաճախ նման պահանջներ ենք անում, այլ մեր գիտակից պարտաճանաչությունը, որին իրավունք չունինք դավաճանելու լռելով այնտեղ, ուր պետք է խոսել։ Դուք նվիրատվության մատյանն եք ասում, մի հարցրեք թե ուրիշ որևէ մատյան ունի՞ մեր վանքը։ Տեսաք դուք այդ սարկավագին, որ նոր վերադարձավ։ Ուշադրության արժանի անձնավորություն է դա։ Ով որ կամենում է մեր մի կարգ գործերի անհաջողության գաղտնիքը լուծել, նա պետք է ուսումնասիրե այդ տեսակ անձանց, որոնք չնայելով իրենց ոչնչության, այսուամենայնիվ մեծ դեր են խաղում մեր բախտը տնօրինելու կարևոր գործում։ Սևանում, օրինակ, այդ մարդը վայելում է մեծ իրավունքներ։ Չեմ սխալիլ, եթե ասեմ, թե դա է մինչև անգամ մեր ամենի գլխավորը և ոչ թե վանահայրը, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ մի խեղճ ու տգետ մարդ։ Վերջինս, իսկապես, մեզ չի սիրում, նրա համար, որ իրեն հաճախ անում ենք այնպիսի պահանջներ, որոնց խորհուրդը նա չէ հասկանում։ Մյուս կողմից էլ նրան լարում են մեր դեմ յուր մտերիմները և մանավանդ սարկավագը, որին նա հավատում է միամտաբար, կամ, գուցե հարկից ստիպված։ Ո՛վ է, սակայն, սարկավագը, որ այսքան ուժ ունի,— մի տգետ ու գռեհիկ մարդ, որ անհիշատակ ժամանակներից գտնվելով այս անապատում, յուր ժրության և ճարպկության շնորհիվ արժանացել է «աներևույթ» կարգադրիչների ուշադրության և նրանց ջանքերով էլ «վերևից» կարգվել վանահոր օգնական։