Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիմա դո՛ւք պատասխանեցեք,— ասաց պրիստավը Կամսարյանին և ժպտալով հեռացավ։

— Այդպես կանե, մի՛ վախենար․ միայն թե ասա՛, քանիսո՞վ ես տոկոս հաշվել,— հարցրեց երիտասարդը։

— Ախպեր, քե ի՞նչ, ես հո քեզանից չեմ փող ուզում։

— Ինձ ի՞նչ. ա՛յ ասեմ քեզ։ Ես փաստաբան մարդ եմ։ Փաստաբանը գիտե՞ս ինչ է.— ադվակատ։ Ա՛յն դատավորը, որ քեզ իսպոլնիտելնի լիստ է տվել, ինձանից ավել չէ օրենք իմանում։ Իսկ իմ իմացած օրենքների մեջ գրված է թե՝ ով որ իրա պարտապանից հարյուրին 12 տոկոսից ավելով շահ առնե, նրան պետք է պատժել՝ զրկելով ամեն իրավունքներից և բանտ նստեցնելով։ Ա՛յ, հիմի դու այսքան մարդկանց մեջ այս խեղճ Սայուց 20 մանեթի համար 111 ռուբյի շահ ես առնում։ Ես կարող եմ Սայու գործն հանձն առնել, այս մարդկանց էլ վկա գրել ու քեզ քաշ տալ դատարան, իսկ այնտեղից ուղղակի ղրկել էշի դրախտը․ հասկանո՞ւմ ես։

Այս խոսքերն ասվեցան այնպիսի մի խիստ եղանակով, որ Խոջան երկյուղից քաջությունը կորցրեց։

— Աղբեր, ախար դու լավ մարդ ես էրևում, ի՞նչ ունես ղալմաղալում․ ինձանից դու հո առնելիք, տալիք չունիս. էս մարդը փող ա պարտ, ի՛մ փողն ուզում եմ, դու խի՞ ես մեջ ընկնում։

— Չէ, պիտի ասես, քանի՞ տոկոս ես հաշվել։

— Մանեթին մի շահի,— ասաց Խոջան, տեսնելով որ «ատվակատից» պրծնում չըկա։

— Ռուբլուն 5 կոպե՞կ,— զարմացավ Կամսարյանը։

— Հա։

— Ինենց ա, մանեթին մի շահի ենք խոսե,— հաստատեց Սային։

— Տեսնո՞ւմ ես, հենց գիտաս, սուտ եմ ասո՞ւմ,— նկատեց Խոջան։