Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա հիշեց, որ բողոքարկու աբեղան գրքեր էր խնդրել իրենից։— Արի՛ այս կապոցը ղրկեմ նրան, և սա կլինի մի գեղեցիկ նվեր,— մտածեց երիտասարդը և գրքերի կապոցն առանձնացնելով, խնդրեց տանուտերին, հավատարիմ գնացողի ձեռքով հասցնել այն աբեղային։ Թե ինչ օգուտ պիտի քաղեր վերջինս Маркс-ի „Полный курс охоты“ և Oвальд~ի „Ляговая собака" գրքերից Սևանի տկլոր կղզում, դրա համար Պետրոսը ավելորդ համարեց մտածել։

Մի ժամից արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Երիտասարդը կամեցավ վարձատրել մի բանով հյուրասեր տանուտերին, բայց վերջինս բացե իբաց մերժեց ընդունել որևէ վարձատրություն, ասելով թե՝ յուր պարտքն էր պատվել աստուծո հյուրին, եթե նույնիսկ ամիսներով նա ապրեր յուր տանը։ Միայն շատ երկար թախանձելուց հետո, Պետրոսը կարողացավ մի թղթադրամ խրել հյուրընկալի ձեռքը, իբրև հագուստի նվեր Սալբիի և երեխայոց համար։

Արևը մի չվան բարձրացել էր Մարալինջից, երբ Կամսարյանն յուր սրտագին շնորհակալությունը հայտնելով տանուտերին և նրա կնոջը, ողջունեց նրանց վերջին անգամ և բարձրացավ սայլակը։ Տոնականը մի զորավոր բացականչումթյամբ խրախուսեց ձիերին և նրանք աշխույժով սլացան դեպի խճուղին։

Այստեղից Սեմյոնովկա և այնտեղից Դիլիջան ուղևորումթյունն անցավ հաջող և առանց պատահարների։ Գիշերվա հորդ անձրևից հետո եղանակը հրաշալի էր, օդը թեթև ու կազդուրիչ, իսկ բուսականությունը' զվարթ և փայլուն։ Կամսարյանին թվում էր թե Սեմյոնովկայից մինչև Դիլիջան տանող ճանապարհը, անշուշտ, յուր կյանքի վրա պիտի ավելացնե մի ավելորդ տարի։ Վասնզի այդ հովաշունչ ժամերին Մայմեխի թավշապատ լանջերի վրա, նրա թավուտների և անտառների մեջ խաղում էին այնպիսի հովեր ու սղոխներ, տոգորված կանաչի և ծաղկանց բուրմունքով, որ ամեն անգամ շունչ քաշելիս, նրան թվում էր թե շունչի հետ միասին մտնում է յուր թոքերը ոչ թե օդի ալիք, այլ կենսատու պալասան...