Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիֆլիս հասնելով Կամսարյանը զարմացավ, երբ ծառան հայտնեց թե Կիրիլ Կարպիչը մի օր առաջ գնացել էր Բորժոմ։ Իբրև սկզբունքի տեր վաճառական, նա յուր օրերր չէր զոհում զվարճության։ Ի՞նչն էր ուրեմն պատճառը, որ նա այս անգամ բացառություն էր արել,— «Մի գուցե մերոնցից մեկը հիվանդացել է» մտածեց Պետրոսը անհանգստությամբ։ Բայց երբ ծառան հայտնեց թե' «աղան գնացել է նրա համար, որ էգուց, աղջիկ պարունի ծնունդին էնտեղ լինի», երիտասարդը թե՛ ուրախացավ և թե՛ շփոթվեց։

— Իրա՛վ, վաղը մայրիկի ծնունդն է... ի՜նչպես էի մոռացել... Բայց էլի լավ եմ հասել... մտածեց նա ինքն իրեն և շտապելով դեպի յուր սենյակը, հանեց գզրոցից ու պահարանից յուր նոր շորերը, արդուզարդի պատկանելիքը և այն ամենը, ինչ որ կարող էր պետք գալ ամառանոցում թե զբոսանքի և թե հանդեսների ժամանակ։ Եվ այս ամենը զգուշությամբ ու կարգով ճամպրուկում տեղավորելուց հետո շտապեց առաջնակարգ վարսավիրայի մոտ յուր գլխի արտաքինը կանոնավորելու, այն է՝ խուզվելու և ածիլվելու։

Երեկոյան վեց ժամից մի քանի րոպե անց Բաթում ճանապարհվող գնացքը առավ յուր հետ նաև Կամսարյանին, յուր ճամպրուկով ու կապոցներով մի քանի ժամից հասցրեց նրան Միխայլովո։ Այստեղից մինչև Բորժոմ պետք էր ճանապարհը շարունակել կառքով, վասնզի այդ ժամանակ դեռ չէր շինված երկաթուղու Բորժոմ տանող գիծը։

Պայծառ լուսնկա գիշեր էր։ Հարթ ու ողորկ խճուղին, որի նմանը չկար Կովկասի ոչ մի կողմը, ախորժելի դարձուց նաև այս ուղևորությունը:

Կես գիշերից անցած, երիտասարդը հասավ անտառապատ ձորի մեջ փակված Բորժոմը և փոխանակ ուղղակի իրենց վիլլան գնալու, դիմեց հյուրանոց, այն պատճառով, որ նախ գիշեր ժամանակ տուն մտնելով անհանգիստ չանե յուրայիններին և երկրորդ, որ հետևյալ առավոտ մաքուր հագնված ու վայելուչ կերպով գնա մայրիկին շնորհավորելու և նրան այդպիսով մի հաճելի անակնկալ (սյուրպրիզ) անելու։