— Հրաշքեմեն քիչ պակաս է... էն էլ էսօր կու թամամինք... նկատեց հայրը բարձրաձայն ծիծաղելով։
— Աստուծով,— հարեց Կիրիլ Կարպիչը, բայց այնպես ցած, որ միայն ինքը և խաղընկերը լսեցին։
— Ուրեմն դուք այստե՞ղ եք,— նորեն կրկնեց օրիորդը, սեղմելով երիտասարդի ձեռքը։
— Ինչպես տեսնում եք,— պատասխանեց վերջինս, ժպտող հայացքը Ադելինի սիրուն աչքերին ուղղելով։
— Չէի կարող հավատալ, ոչ ոք չէր սպասում...
— Ես սպասում էի... Ինչպե՞ս կարող է մարդ յուր մոր ծննդյան օրը մոռանալ,— նկատեց տիկին Մարկոսյանը, իբր թե աղջկա սխալն ուղղելով։
— Արա մի ասա, թե աստուծդ կու սիրիս, քու մերը ե՞րբ է ծնվել,— հարցրեց Մարկ Իվանիչը կնոջը այնպիսի մի եղանակով, որ ամբողջ դահլիճը ծիծաղից թուլացավ։
— Երանի իմանամ քեզ ո′վ է խոսեցնում,— նկատեց տիկինը նույնպես ծիծաղով և դեպի Լիդիա Պավլովնան առաջանալով։
— Այստեղ համեցեք, այստեղ,— խնդրեց վերջինս,— ցույց տալով թավշյա փափուկ բազմոցը։
— Հա, ես այդտեղ կնստեմ. սիրում եմ, երբ իմ տեղը այն է լինում ու արձակ։
— Մետեխցիք էլ դրուստ էդենց ին ասում, ամա որ խեղճերուն ոչ ով չի լսում,— հարեց Մարկ Իվանիչը։
— Տո, շեշդ դիր, շեշդ, ի՞նչ ես մարդկանց խանգարում, նկատեց Կիրիլ Կարպիչը յուր խաղընկերին։
— Էս էլ իմ շեշը. եքը չունիմ։
— Չհար ու դու...— խաղը շարունակվում էր։
— Ասում եք որ ոչ ոք չէ՞ր սպասում ինձ,— խորհրդավոր ժպիտով հարցրեց Պետրոսը Ադելինային։
— Ոչ, այդ չէի ուզում ասել... Բայց... ի՞նչպես է հայերեն... Ուզում էի ասել, թե ոչ ոք հույս չուներ, թե կարող կլինեիք թողնել ձեր գործը և գալ, հասկանո՞ւմ եք,— ուղղեց օրիորդն յուր սխալը, որից, սակայն, նրա այտերը թեթև շառագունեցան: