Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով ծառաները դահլիճի միջից դուրս հանեցին ավելորդ աթոռները, որպեսզի պարերի համար հրապարակ բացվի։ Ադելինան և յուր ընկերուհիները, որոնք չէին կասկածում թե լավ dirigeur ունին, եկան մի անգամ էլ ստուգելով թե` արդյոք երիտասարդը հո չէ պնդում մերժման վրա։ Եվ գոհ եղան տեսնելով, որ վերջինս արդեն յուր դերի մեջ է և հրամաններ է տալիս ոչ միայն ծառաներին` դահլիճը կարդավորելու, այլև երաժիշտներին, պարերգի եղանակները դասավորելու այնպես, ինչպես ինքը ծրագրել էր արդեն։

— Տեսնո՞ւմ եք, օրիորդներ, այն, ինչ որ նախօրոք ինքներդ պիտի կազմեիք, այն էլ պարոնն է շտապել կազմելու,— նկատեց նորատի մի տիկին, աչքի անցնելով tour-երի ցանկը, որ գծել էր, Կամսարյանը յուր այցետոմսի վրա։

— Մի՞թե չգիտեինք թե` ինչո՛ւ ենք պարոնին dirigeur ընտրում,— վրա բերավ Ադելինան քաղցր ժպտալով։

— Ինձ թվում է, թե ով հանձն է առնում մի պաշտոն, նա ինքն էլ պիտի հոգա նրա անթերի կատարման համար,— պաշտպանեց օրիորդին Կամսարյանը, կարող մարդու հավակնությամբ։

— Այո՛, բայց աշխատանքի բաժանումը հեշտացնում է գործը,— ավելացրեց տիկինը։

— Օ՜, և մի՞թե սա գործ է. այսպիսի, գործերում ես ինձ զգում եմ...

— Ինչպես ձուկը ջրում, այնպես չէ՞, —ընդհատեց Ադելինան, ծիծաղելով։

— Այո՛, միայն այն զանազանությամբ, որ ձուկը լողում է անխոս, մինչդեռ մեր դիրիժյորը պիտի լողա այսօր շարունակ բարբառելով,— կատակեց մի ուրիշը;

— Բայց Դուք այստեղ ժամավաճառ եք լինում. առեք այս ցանկը և երկու թերթերի վրա օրինակելով փակցրեք դահլիճի պատերին, որպեսզի պարողները ծանոթանան tour-երի կարգին,— խոսեց նորատի տիկինը, որ, ըսա երեկույթին, շտապում էր վայրկյան առաջ սուրալ դահլիճի փայլուն հատակի վրա։