— Անհանգիստ մի՛ լինիր, դրա մասին էլ ես կհոգամ,— ասաց Կամսարյանը և ներողություն խնդրելով հեռացավ խմբակից։
Քիչ ժամանակից հետո բոլոր պարող տիկիններն ու օրիորդները իրենց ձեռքում ունեին դիրիժյորի այցետոմսը` tour-երի ցանկով։
Պարահանդեսն սկսվեց «Valse generale»-ով, որի ժամանակ հալտնվեցավ, որ նվագահանդեսի նախկին թագուհին այժմ պիտի դառնա գիրիժյորի եռանդը վառող անբաժան ոգին։ Եվ դրանք երկուսն, արդարև, այդ վայրկյանին արժանի էին իրար իրենց գեղեցիկ արտաքինով, համաչափ հասակով, շնորհալի շարժմունքներով, երիտասարդական զվարթությամբ և, նամանավանդ, աշխույժի ու եռանդի բացարձակ զեղումով, որ վարակում էր նույնիսկ տարիքավորներին, մտցնելով նրանց մեջ կենդանության նոր գրգիռ։
Որովհետև այդ ժամանակ դեռ ֆրանսիական կադրիլը իբրև հնություն չէր հանված ընդհանուր պարերի ցանկից. ուստի նա հետևեց Valse generale: Դրանից էլ, իսկապես, սկսվեց Կամսարյանի տիրապետական փայլը։
Ասպետներն ու տիկիններն իրար ընտրելուց հետո, ընտրել էին նաև իրենց աթոռները և կապել նրանց թաշկինակներով, որպեսզի շուրջը խռնվող հասարակությունը չքաշե նրանց դեսուդեն։
— Avancez... passez... retournez a vos places... որոտաց դիրիժյոր Կամսարյանի ձայնը, ինչպես զորապետի մի խրոխտ հրաման, և դահլիճի ազատ հրապարակը վայրկենապես ծածկվեցավ պարողների բազմությամբ։ Սպիտակ կերպարը, փրփուր բատիստը, ծաղիկն ու ադամանդը խառնվելով իրար, ստեղծեցին այդտեղ գարնան թիթեռների խայտաբղետ մի պար, որի մեջ տղամարդիկ իրենց սև զգեստներով հիշեցնում էին բզեզների ու մեղուների խառնուրդը։
— Les dames, avancez... reculez... avancez et balancez vos cavaliers vls-a-vis... հնչում էր Պետրոսի ձայնը հետզհետե առույգանալով։