Բայց հասակավոր հայրերն ու մայրերը սկսում էին հոգնել. շատերն էլ ստամոքսի տրտունջն էին լսում։ Այդ պատճառով սկսան հիշեցնել «ջահիլներին» թե` ժամանակ է արդեն իրենց եռանդը չափավորելու։ Այդ հուշարարների թվին պատկանում էին, նաև, Կամսարյան ու Մարկոսյան ամուսինները, որոնց խորհրդին, սակայն, հետևեց իսկույն ինքը դիրիժյորը, սկսելով Cotillon-ը իբրև վերջապար։
Բայց որպեսզի տիկինների ու օրիորդների հաճույքը ևս կարողանար գրավել, նա Cotillon-ը փոխանակ կադրիլի ու մազուրկայի պարզ խառնուրդով վերջացնելու, աշխատեց բարդել վալսի ու յոլկայի երկարատև ton-երով։ Եվ թեպետ նա խստությամբ հետևում էր արշավին և հարմոնիան ոչնչով չխանգարելու համար աշխատում, որ զույգերը ձեռքից չտան իրենց հերթը, այսուամենայնիվ, վերջում երևեցավ, որ բոլոր ասպետներից ավելի շքանշան ինքն է ստացել։
Երբ promenade-ն ու petit rond-ը ավարտելով դիրիժյորը գոչեց`— Voyagez a quatre coins a la isvostchikf, նա ձեռքին ուներ մետաքսյա սանձերը երեք գեղեցկուհիների, որոնցից միջինը չքնաղ Ադելինան էր և` որոնք իրենց ջերմությունից շիկնած վարդագույն դեմքերով հիշեցնում էին Ապոլոնի հրաշունչ նժույգները Արշալույսի բացած դռներով ելնելիս...:
Trois en avant! գոչում էր երիտասարդը և յուր նժույգներով պտտում ու սուրում դահլիճի շուրջը։ Նրան հետևում էին ուրիշները, բայց հակառակ կազմվածքով.— շատ տիկիններ ու օրիորդներ լծել էին երիտասարդներին և վարում էին նրանց` ինչպես Դիանաներ` իրենց էրեներին։
— Այ, դրուստն էս ա, չուն հմիկվա վախտը` աղջկերքն են տղերանցը լծում։ Ամա էն ինչի՞ քու տղեն իմ աղջկանն ա լծել, սաբաբն ի՞նչ ա,— հարցրեց ծիծաղելով հայր Մարկոսյանը` իրենից անբաժան Կիրիլ Կարպիչին։
— Մարկ Իվանիչ, էդենց էլ ա լինում, խան մեկն ա լծում, խան մեկելը. դու ասա ճամփեն դրուստ գնան, չվերընգնեն, թե չէ լծելուց ի՞նչ վնաս...— այլաբանական հարցին այլաբանորեն պատասխանեց հայր Կամսարյանը։