Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ Պետրոսն ու Ադելինան թև թևի տված մոտեցան ծնողներին, Մարկ Ւվանիչը կատակով նկատեց.

— Արա մի ասա, Պյոտր Կիրիլիչ, կռոների երկրումը, որ մնացել էիր, քիզ ո՞վ կուտար էս ղադա մեդալնիր ու խաչիր... Տես է՜, իստակ պոլկովնիկ իս դառի։

Ադելինան ու շրջապատողները ուրախ ուրախ ծիծաղեցին, մինչդեռ Պետրոսը կեղծեց թե ծիծաղում է, որովհետև Մարկոսյանի արած դիտողությունը մի տեսակ ցուրտ փշեց յուր ջերմացած սրտին։

Այսուամենայնիվ, պարկի ծառազարդ մի անկյունում ընթրիքի համար բացված սեղանը, որի վրա դրված արծաթ քրուստալ սպասները փայլում էին առատ լույսի առաջ, իսկ տեսակ-տեսակ ակրատն ու գինին գրգռում նույնիսկ կուշտ մարդու ախորժակը, ցրեցին նաև երիտասարդ Կամսարյանի տխրության հովերը և հավատացրին նրան, թե ավելի լավ է վայելել քան թե մտածել...

Այդ բանին, մանավանդ, լավապես օգնեց Մարկ Իվանիչը, որ սեղանը բոլորող փոքրիկ հասարակության խնդրանոք դարձավ կառավարիչ։ Առաջարկած կենացները նա համեմում էր զվարթ կատակներով և երբեմն, մինչև իսկ, հաջող սրախոսություններով, այնպես որ ընթրողներն ավելի ծիծաղում, քան ուտում էին։ Զարմանալի էլ չէր, որ այսպիսի ընդունակ կառավարչի շնորհիվ, դեռ երկրորդ կերակուրը չբերած` շիշերի գինին կիսից ցած լիներ, իսկ երրորդն սկսելուց` արդեն վերջացած։ Այս կշռաչափը թեպետ մեծ բան չէր «լավ խմողի» համար, բայց Բորժոմի պարկում ընթրողին պատշաճ չէր դրանից ավելին վայելել, ուստի պետք է ընդունել, որ այդքան ով էլ մեր հյուրերն արդեն զվարթացած էր։

Քաղցրեղենը բերելու ժամանակ ընթրողների տրամադրությունը այնքան էր քնքշացել, որ կարծես թե ահա՛, ուր որ է այդ բոլորը պիտի ձուլվին մի սրտի և մի հոգու մեջ։