Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տես թե մեր բարեկամը ինչպե՞ս է գրավվել նորեկով, — դարձավ Վերա Վասիլևնան ամուսնուն։

Ես ետ նայեցի և տեսա, որ նրանք ծիծաղում են։

— Այո՛, տիկին, այս նորեկը շատ է զբաղեցնում ինձ, — ասացի ես։

— Այդ արդեն երևում է, որովհետև դուք այլևս այս կողմը չեք նայում։

— Իրավունք էլ ունի, նրա աչքերն զբաղված են արժանավոր առարկայով, — հարեց Իվան Իվանիչը։

— Իմ աչքերից ավելի՝ միտքն է զբաղված, — նկատեցի ես։

— Ձեր մի՞տքը, մի՞թե կարելի է, — զարմացավ տիկինը։

— Ի՞նչը չէ կարելի, — հարցրի ես։

— Որ տղամարդը նստե գեղեցկուհու առաջ և մտածե։

— Այդ ինձ շատ է պատահում։

— Դուք ուրեմն ձանձրալի ասպետ կլինիք կանանց համար, — նկատեց տիկինը ծիծաղելով։

— Այո՛, տիկին, դեռ ոչ ոք չէ գովել ինձ այդ պաշտոնի համար, — խոստովանեցի ես։

— Բայց ի՞նչ եք մտածում։

— Ա՛յն թե՝ ինչո՞ւ այս հրաշալի ծաղիկը թառամել է փշերի մեջ։

— Վանքի մասի՞ն է ձեր խոսքը։

— Այո՛, տիկին, ամեն կրակ մարող այդ ցուրտ շիրիմի մասին։

— Բայց համոզվեցեք, որ նա թառամել է յուր թփի վրա, այդ ավելի լավ է, քան թե նա պոկվեր թփից և թառամեր մի տղամարդի անմաքուր ձեռքերում։

— Բայց նա կարող էր զարդարել մի արժանավոր կուրծք։

— Մի քանի ժամ միայն։