Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կամ ոսկեզօծ ծաղկամանում փայլել դահլիճի մեջ և պարարել աչքերը բազմաթիվ հյուրերի...:

— Որոնց յուրաքանչյուրը մի թերթ պոկելով նրանից՝ ավելի անփառունակ վախճան կպատրաստեր նրա համար, — հարեց Իվան Իվանիչը ժպտալով։

— Դուք ա՞յդ կարծիքն ունիք կանանց ճակատագրի մասին, — հարցրի ես։

— Ուրիշ ճակատագիր չունի գեղեցիկ կինը, եթե նա չէ ապրում ժայռերի գագաթին, մենավոր արծվի բնում, որին չէ մոտենում հետամուտ ոսոխը, — պատասխանեց խոսակիցս ջերմությամբ։

— Դա շատ հին երգ է, — նկատեցի ես։

— Բայց նրան այսօր էլ սիրով են երգում բոլոր փորձառուները։

— Որոնք հետաքրքրվում են միայն արծիվների շահո՞վ և երբեք չեն մտածում նրա բնում փակված վարուժանի՞ մասին։

— Օ՜ այդ ավելորդ է. բավական է որ ժայռերն ունենան լայն հորիզոն, առողջարար օդ և սովամահ չլինելու չափ կերակուր... այդքանով էլ վարուժանը կարող է գոհ լինել և զգալ իրեն երջանիկ, երբ ընկերի անկեղծ սերը կգա իրեն գգվելու և յուր կյանքի պակասը այդ գգվանքով լցնելու։ Գլխավորն այն է, որ նա սովորե բավականանալ քչով և առիթ չունենա հաճախ տեսնել յուր մոտ մի օտար, որ թաքուն շշունջով վրդովե նրա սիրտը, կամ խելամուտ անե այնպիսի նորությանց, որոնց չիմանալը՝ վարուժանի օգուտն է։

— Բայց ի՜նչ հայացք է այդ. առանձնացնել կնոջը, որ նա մնա անարա՞տ... Ավելի լավ չէ՞ աշխատել մաքրել մթնոլորտը, որ շրջապատում է նրան։

— Օ՜, իհարկե, ավելի լավ է. այն ժամանակ մարդը հենց յուր մահկանացու մարմնով կմտներ արքայություն։ Բայց հնարավո՞ր է այդ։ Փորձն արդեն ցույց է տայիս, որ այն որից ի վեր՝ ինչ գիտնականներն ու բարոյագետները սկսել են իրենց նոր գյուտերով ու ստեղծած ճշմարտություններով հասարակական կյանքի մթնոլորտը մաքրել, այդ օրից ապականությունն ավելի է զորացել։