Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջ մարդիկ հանցանքը գործում էին պարզությամբ, առանց նրան վարպետորեն ծածկել կարենալու, ուստի և հանցավորների թվով՝ լինում էին դատապարտյալներ. այսօր, համարյա, ամենքն են հանցավոր և սակայն, ոչ ոք դատապարտյալ...։

— Ի՞նչ է պատճառը ձեր կարծիքով։

— Այն, որ մարդիկ գազաններ են և սակայն մենք նրանց ուրիշ էակների տեղ ենք դնում։ Եթե գազանին գազան ճանաչեինք, ապա նրա տալիք վնասից էլ ազատ կմնայինք, որովհետև կպաշտպանվեինք։ Բայց այժմ, առհասարակ, այն կարծիքն է տիրում, թե մարդիկ այլևս առաջանը չեն. թե լուսավորությունը նրանցից հանել է չար գազանը և տեղը դրել իսկական մարդուն, ուրեմն տիրողը ազնվությունն է, որից չպետք է վախենալ։ Այս թյուր կարծիքը ստեղծել է մի քաոս, որի մեջ ճարպիկներն ու ձեռնածուները հնձում են հաջողության դափնիներ, մինչդեռ համեստ, առաքինի և արժանավոր մարդիկ կամ դառնում են միայն զոհ, կամ անհայտության մեջ կորչում։

— Ի՞նչ անել ուրեմն, նորից դառնալ հնի՞ն։

— Չեմ ասում դարձեք հնին. որովհետև ոչ մի ապուշ չի վերադառնալ ընթացած ճանապարհով նույնը նորից անցնելու համար, այլ ասում եմ, մի գովեք նորը, որովհետև նրա մեջ գովելու ոչինչ չկա։

— Եթե դու նկարիչ լինեիր, միշտ զորեղ գույներ գործ կածեիր, չմտածելով, որ դրանով փչացնում ես նկարդ, նկատեց տիկինն ամուսնուն, եթե հնի մեջ տասը լավ է եղել, նորի մեջ այդ լավից հարյուրները կան, ինչո՞ւ ես ճշմարտությունը բոլորովին մոռանում։

— Եվ եթե կատարյալը ձեռք չէ բերվում այժմ, — ավելացրի ես, — դրա պատճառն այն է, որ մենք տակավին ճիշտ չենք ըմբռնել ժամանակակից մարդու հոգեբանությունը, ուստի և շատ դեպքում կրթում ենք նրան սխալ ճանապարհով։ Տվեք նրան համապատասխան կրթություն և կտեսնեք, որ ձեր ճանաչած գազանի մեջ հրեշտակ է ապրում:

— Հա, հենց խնդիրն էլ այդ է, որ մենք չենք խոստովանում մեր տգիտությունը՝ ժամանակակից մարդուն ճանաչելու վերաբերմամբ և, սակայն, շարունակում ենք կրթել նրան համաձայն մեր անճանաչողության։