Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Անկեղծորեն դրված հարցին՝ կարելի է միշտ անկեղծորեն պատասխանել,— խոսեց վերջինս պարզությամբ. — ես, բարեկամ, առաջ ամուսնացած էի մի երիտասարդ, քնքուշ ու գեղանի աղջկա հետ, որ սնվել ու կրթվել էր այն ռեցեպտներով, որոնք այժմ ամեն տեղ համարվում են moderne. նա յուր ուզածին պես ապրեց ու սիրեց, այդ պատճառով էլ տանջվեց և մեռավ, թողնելով ինձ ժառանգություն վշտերի հետ միասին և մեծ փորձառություն։ Իսկ Վերա Վասիլևնան ունեցել է դարձյալ մի ամուսին, որ պատկանում է եղել «ապրել-գիտցող»-ների կարգին. նրա սկզբունքն է եղել` սիրո հաշվով տանջել, ազատության անունով շղթայել և հանցանքներով արդարանալ. նա էլ դիպվածով մեռել և կնոջը թողել է ժառանգություն` դարձյալ փորձառություն։ Եվ ահա մի գեղեցիկ օր մենք հանդիպեցանք իրար և ստացած ժառանգություններս հաշվելով, կշիռը գտանք հավասար։ Մենք ամուսնացանք. այդ օրից ի վեր ապրում ենք խաղաղ և անվրդով։ Մեր կյանքը թեպետ չունի արտաքին փայլ, բայց լի է ներքին հանգստությամբ։ Երբեմն միայն տեղի են ունենում մեր մեջ փոքրիկ վիճաբանություններ. այդ էլ այն պատճառով, որ ես առաջ ծայրահեղ ազատամիտ լինելով՝ հանգուցյալ կնոջս շնորհիվ դարձել եմ պահպանողական. իսկ Վերա Վասիլևնան՝ սկզբում լինելով պահպանողական, մեռած ամուսնու ջգրու դարձել է ազատամիտ։ Բայց այդ վեճերն էլ երկար չեն տևում. խելոք ամուսինս, հենց որ տեսնում է թե իմ պահպանողականություննը համառում է, իսկույն յուր ազատամտությունը ծալում մի կողմն է դնում։ Այդ բանը տեսնելով` շատ անգամ էլ ինքս եմ իմ համոզմունքը ծալում և այսպիսով խաղաղությունը մնում է մեր մեջ մշտատև։

Այժմ ես արդեն գիտեի թե՝ ովքե՞ր են իմ դրացիները և թե ինչո՞ւ երիտասարդը կապել է յուր բախտը պառավի հետ։ Այս խնդիրն այլևս չէր հետաքրքրում ինձ, բայց նրանց խոսածները միանձնուհու մասին՝ մտածել տվին ինձ երկար. թեպետ չկարողացան համոզել թե՝ արդարև, այդ գեղեցկուհին լավ բան է արել, որ հեռացել է աշխարհից և փակվել կուսանոցում։