Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքան էլ աշխարհը լցված լինի չարիքներով, որքան էլ բարին հազվագյուտ լինի նրա մեջ, այնուամենայնիվ, կյանքը այնքան հրապույրներ ունի, որ աստուծո լույսը տեսնող և նրա ջերմությունը վայելող մարդ արարածը, մանավանդ եթե նա չէ հանդիպել վշտերի և չէ կրել փորձության որևէ ծանրություն, անկարող է չտենչալ վայելել այն ամենը, ինչ որ ուրիշները վայելում են յուր աչքի առաջ և ինչ որ իրեն թվում է այնպես քաղցր ու երանական։

Այս մտածությունը այնպես հուզեց իմ հետաքրքրությունը, որ ես կամեցա անպատճառ ծանոթանալ գեղեցիկ միանձնուհուն և ուղղակի նրա հետ խոսել այս նյութի մասին։ Թե որքա՞ն պատշաճ էր իմ այդպիսի վարմունքը, ես, իհարկե, այդ մասին չէի մտածում, որովհետև իմ ցանկությունը հետաքրքրությունս գոհացնելն էր։ Երբ այս հայտնեցի Իվան Իվանիչին, նա ասաց.

— Հարցրեք, ինչ կամենում եք, եթե կպատասխանե, լավ. եթե ոչ, ի՞նչ եք կորցնում։

Այս միջոցին միանձնուհին շարունակելով գործել գուլպան՝ մեկ-մեկ էլ նայում էր մեր կողմը, կարծես գուշակելով, որ յուր մասին է մեր խոսքը։

— Թույլ կտա՞ք, քույրիկ, հարցնել թե դուք ո՞ր միաբանության եք պատկանում, — դիմեցի ես նրան ֆրանսերեն։ Միանձնուհին իսկույն ժպտաց և գործը դնելով գոգում, կես քաշվելով ու կես շփոթվելով, պատասխանեց.

— Ներողություն, պարոն, ես լավ չեմ խոսում ֆրանսերեն...

— Իսկ գերմաներեն:

— Ինչպե՞ս չէ. ես գերմանուհի եմ, — ասաց նա և խոսքի մնացորդը շարունակեց գերմաներեն, որից ես ոչինչ չհասկացա։

Բայց Իվան Իվանիչը առաջ անցավ և սկսավ թե′ խոսել ինքը և թե′ թարգմանել մեր հարց ու պատասխանին։

Շուտով պարզվեցավ որ «միանձնուհի» կարծածս «գթության քույր» է եղել և պատկանում է Ս. Բերնարդյան կաթոլիկ միաբանության, որ Եվրոպայի շատ կետերում ունի յուր բաժանումները, իսկ կենտրոնական քաղաքներում յուր ինստիտուտները, ուր ընդունելով որբ ու աղքատ աղջիկներ, նրանց սնուցնում ու դաստիարակում է և պատրաստում հատկապես «գթության քույրերի» պաշտոնի համար: