Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գթության քույրը իմ խոսքերի թարգմանությունը ուսուցչից լսելուց հետո՝ վրաս ձգեց այնպիսի մի հայացք, որ, կարծես, հանդիպել էր աստվածամարտ մի հերետիկոսի, որից կամ պետք էր իսկույն ևեթ փախչել, կամ աշխատել, որ նա դառնա ճանապարհ։

Այդ ես գուշակեցի ուղղակի նրա դեմքից և, մանավանդ աչքերից, որոնք այժմ ինձ վրա նայում էին անվստահորեն։ Եվ գուշակությունս սխալ չէր։

— Ինչո՞ւ է պարոնը այդպես բաներ խոսում, մի՞թե քրիստոնյա չէ, — հարցրեց նա ուսուցչին միամիտ պարզությամբ։

— Նա հայ է, — պատասխանեց վերջինս, կարծելով թե դրանով ամեն բան ասաց:

— Ռումի՞ն, — հարցրեց գթության քույրը Armenier և Rumänier բառերը շփոթելով իրար հետ։

— Ոչ, հայ եմ ասում, հայ,— կրկնեց ուսուցիչը։

— Հա՞յ... Հայերն ի՞նչ ազգ են:

— Ինչպե՞ս թե ի՞նչ ազգ. մի՞թե չգիտեք, — զարմացավ ուսուցիչը։

— Ոչ, չգիտեմ, — խոստովանեց կինը անկեղծորեն։

— Սրանք հին ազգ են, ապրում են Փոքր Ասիայում։

— Բայց ի՞նչ հավատ ունեն, մահմեդակա՞ն են...։

Ուսուցիչն սկսավ ծիծաղել և երբ թարգմանեց ինձ նրա խոսքերը, ասացի.

— Հայտնեցեք գթության քրոջը՝ որ երկրագնդի վրա գտնված բոլոր ազգերից առաջ՝ հայերն են քրիստոնեություն ընդունել. (այստեղ, իհարկե, թույլ տվի որ ազգասիրությունը Աբգարի շրջանը համարե հայկական. ես էլ, ուրեմն լինելով այդ ազգի զավակը, եմ, միևնույն ժամանակ, ճշմարիտ քրիստոնյա: