Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց միթե քրիստոնյան կարող է ասել այն, ինչ որ դուք ասացիք, — հարցրեց նա ջերմությամբ։

— Ես ի՞նչ ասացի։

— Ասացիք թե պետք չէ օգնել ուրիշին, թե մենք աշխարհում մեզ համար պիտի ապրենք: Մինչդեռ Քրիստոս հակառակն է պատվիրել։ Նա հրամայել է բարի անել ոչ միայն եղբորն ու բարեկամին, այլև թշնամուն: Նա պատվիրել է սիրել ընկերին, օգնել աղքատին, խնամել հիվանդին...։

— Ես հակառակ չեմ այդ պատվերներին, միայն թե ասում եմ, որ այդ ամենն անելով հանդերձ, մարդ չպետք է մոռանա իրեն։ Եթե ունեցած բարիքիդ մի մասը տալիս ես ուրիշին, մի մասն էլ դու վայելիր։ Այստեղ քրիստոսի պատվերի դեմ ոչինչ չկա։ Նա ասել է՝ սիրիր ընկերդ, ինչպես քո անձը, բայց չէ ասել՝ սիրիր քո անձից ավելի։ Եվ սակայն դուք այդպես եք անում: Բնությունը ձեզ ստեղծել է առողջ, գեղեցիկ, ապրելու և վայելելու ամեն կարողություններով օժտված, բայց դուք նրա տված բարիքը ոչնչացնում, առողջությունը վատնում, գեղեցկությունը խամրեցնում եք հիվանդանոցների նեխված պատերում։ Օգնեցեք տկարին, խնամեցեք հիվանդին բայց դուք էլ ապրեցեք, դուք էլ վայելեցեք, հակառակն անելու մեջ՝ անկեղծութուն չեմ տեսնում։

— Սխալվում եք, պարոն, մենք անում ենք այն, ինչ որ մեր խիղճը, մեր ներքին մարդն է մեզ թելադրում։ Ուրիշներին բարիք անելով մենք արդեն զգում ենք մեզ անհունապես երջանիկ, այդ պատճառով էլ ուրիշ կենցաղ չենք պտրում։

Այս միջոցին մյուս կողմի նստարանից մի ձայն կանչեց գթության քրոջը։ Վերջինս որ խոսելու հետ միասին գործում էր և գուլպան, գրեց այն նստարանի վրա և մոտենալով ձայնողին, որ նույնպես գթության քույր Էր, բայց ոչ իրեն պես գեղեցիկ, սկսավ հետը խոսակցել: