Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս իսկ պատճառով այժմ ես նրան գիտում էի մի նոր և առանձին հետաքրքրությամբ, աշխատելով որսալ նրա աչքերի հայացքը, հուսալով թե՝ նրանց մեջ կարող եմ կարդալ յուր սրտի թաքուն շշունջների մինը... Չ՞է որ երբեմն կարելի է, նույնիսկ, պատմություններ կարդալ ուրախ կամ թախծալիր, թովիչ կամ ցանկասեր, հպարտ կամ փաղաքուշ հայացքների մեջ, մանավանդ երբ նրանց ընկերանում են նմանատիպ ժպիտներ...։ Այս ճանապարհորդության ժամանակ ես շատ էի զբաղվել նման դիտողություններով և արդյունքը նշանակել հուշատետրիս մեջ. այս անգամինն էլ կավելանար եղածների թվին, եթե արժանի լիներ ուշադրության։

Իվան Իվանիչն ու յուր կինը չէին զբաղվում այժմ մեզնով. նրանք բացել էին պաշարի զամբյուղը և նախաճաշում էին։ Գթության քույրը աչքերը գուլպային հառած և մի խաղաղ ժպիտ շրթունքներին՝ շարունակում էր գործը, երբեմն միայն ինձ, հարևաններիս, կամ ել ու մուտ անողներին նայելով։ Իսկ ես՝ դիտում, մտածում և, միևնույն ժամանակ, դարձյալ զմայլվում էի նրա գեղանի դեմքով, երկնային աչքերով և նուրբ շուրթերի այն խաղաղ ժպիտով, որ թեպետ համր, բայց թվում էր թե՝ խոսում է շարունակ:

Բայց ի՞նչ էր խոսում. ի՞նչ կարող էր խոսել...:

— Ա՜խ, եթե հոգին ականջ ունենար և ժպտի թաքուն շշունջը լսեր... մտածում էի ես և ինչո՞ւ բնությունը չէ զարգացրել մեր մեջ մի վեցերորդ զգայարանք, որով կարողանայինք սրտի և հոգու խորքերը թափանցել։ Այն ժամանակ, իհարկե, գոյություն չէին ունենալ կեղծիքն ու դիմակը, սուտ ժպիտն ու սուտ արցունքը և ոչ էլ ճշմարտությունը ճանաչելու համար՝ կստեղծվեր հոգեբանությունը, որը որքան էլ ճգնում է ճշտությամբ վերլուծել հոգեկան երևույթները, դարձյալ շատ դեպքում մնում է անծանոթ բան ճշմարտությանը, վասնզի ճանապարհ չունի ենթակայական սահմանից դենը անցնելու։