ԶԱՔԱՐԵ․— Սիրելի եղբայր, ժողովուրդը նույնպես բաղկանում է իշխանի հարազատ որդիներից, հայրը չպետք է խտիր դնե յուր զավակների մեջ։
ՋԱԼԱԼ․— Ուրեմն, քո կարծիքով պետք է մեկը զոհել` որ հազարը փրկվի։
ԶԱՔԱՐԵ․— Արդարությունն ու պարտքս հրամայում են ասել այո′։
ՋԱԼԱԼ․— (եռանդով և վշտահար) Ուրեմն ե՛ս եմ միայն, որ մեղանչում եմ պարտքի և արդարաթյան դեմ... Օ՜ ինչպես հեշտ է դատապարտել... բայց եկեք առաջ կուրծքս պատառեցեք' հանեցեք այստեղից ծնողի սիրտը և նրա փոխարեն դրեք իշխանինը. այն ժամանակ գուցե հայրը չզգա ոչինչ, և իշխանն յուր դուստրը զոհե ժողովրդին է։ (դառնությամբ)․․․ Ո՞վ արդյոք ձեզնից կարող է բանալ այս տախտակն, որն աստված ամրեցրեց․․․
ԶԱՔԱՐԵ․— Հիշի′ր Հեփթայեին, սիրելի եղբայր..․
ՋԱԼԱԼ․— Հեփթայեն յուր աղջիկը զոհեց աստծուն, իսկ ես պիտի զոհեմ գարշելի թաթարին։
ԶԱՔԱՐԵ․— Այս զոհն էլ, անշուշտ, աստված է պահանջում։
ՄԱՄՔԱՆ․— (հուզված) Մի’ ասիր այդ, սիրելի տագր, աստված անիրավ զոհ չի պահանջիլ։
ԶԱՔԱՐԵ․— Նրա խորհուրդն անքննին է և կամքն անհասանելի։
ՋԱԼԱԼ․— Եթե անքննին է, ուրեմն չքննենք և դառնանք մեր խնդրին։ (դառնալով Ներսեհին): Դու ինչո՞ւ չես խոսում որդյա՛կ։
ՆԵՐՍԵՀ․— Ես սպասում եմ քո հրամանին։
ՋԱԼԱԼ․— Խոսի՛ր, հայտնի՛ր քո կարծիքը։ Եթե ես կորցնում, եմ իմ դուստրը, դու կորցնում ես քս կյանքի լուսատուն։
ՆԵՐՍԵՀ․— Երբե՛ք։ Ավելի շուտ Խաչենը դեպի ակունքը կդառնա, քան թե Ռուզանը կխլեն իմ ձեռքից։
ՋԱԼԱԼ․— Ի՞նչ անենք ուրեմն։
ՆԵՐՍԵՀ․— Պիտի մերժենք բռնավորի պահանջը։