Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋԱԼԱԼ.— Երբեք, ես այդ չեմ անիլ։

ՌՈՒԶԱՆ.— Բայց, հայր իմ, եթե դու չանես, ես պարտավոր եմ անել և դրա համար արդեն քո հրամանն ունիմ։ Քանի դեռ փոքր էի, ուսուցանում էիր ինձ՝ սիրել հայրենիքը իմ անձից ավելի, և նրա բարօրության համար զոհել ամենը, ինչ որ ունիմ թանկագին։ Արդ, հասել է ժամը քո պատվերը կատարելու․ մի՞թե դու այժմ հակառակը պիտի խրատես․․․
ՄԱՄՔԱՆ.— Ա՜հ, բավական է, Ռուզա՛ն, մի՛ խոսիր, ես ցնորվում եմ․․․
ՌՈՒԶԱՆ.— Քո մի հատիկ դստեր համար ես ցավում, մայր իմ, այնպես չէ՞... Հապա ի՞նչ անեն ա՛յն հարյուրավոր մայրերը, որոնց որդիները մի քանի ժամից պիտի զոհվին անգութ դահիճների սրին։ Ի՞նչ պիտի անեն այն հարյուրավոր հարսունք, որոնք մի ժամից պիտի այրիանան։ Ո՞վ պիտի խնամե և մխիթարե այն հազարավոր մանուկներին, որոնք մի օրում պիտի որբանան․․․ Մի՞թե արդարություն է, որ այսքան հոգիները քո դստե՞րը զոհվին։ Ավելի լավ չէ՞, որ դրանց բոլորին ազատելու համար զոհվիմ միայն ես։ Եվ մի՞թե դո՛ւք, որ ազգի տերն եք ու պաշտպանը, պիտի զլանա՞ք նրան այդ կարևոր շնորհը։
ՋԱԼԱԼ.— (ձեռքով ճակատը բռնելով) Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ինձ դրել ես երկու սրի մեջ՝ մեկը մյուսից սայրասուր։ (Ընկնում է աթոռի վրա և գլուխը առնում ձեռների մեջ):
ՌՈՒԶԱՆ.— Ուրեմն վճռված է. դուք սիրտ չունի՞ք ինձ հրամայելու. ես ինքս կերթամ. թող պատգամավորը ինձանից առաջ չհասնե յուր տիրոջ մոտ։ (Կամենում է դուրս գնալ):