Jump to content

Էջ:Muratsan, vol. 6.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԵՆԻ.— Կտիրանա՞։ Ինչպե՞ս:

ՊԱՊԱՔ.— Իշխաններն արդեն ելնում են Ջոլայի դեմ. այդ կնշանակե՝ թե նրանք գնում են ուղղակի մահվան առաջ, վասն զի թշնամին բազմաթիվ է և մեր հինգ հարյուրին կջարդե մի ժամում։ Այնուհետև նա բերդը ամեն կողմից կպաշարե և կառնե անաշխատ։ Այստեղ գտնվողներին, իհարկե, սուր կքաշե, իսկ Ռուզանին կտանե յուր հետ։
ԹԵՆԻ.— Դու սարսափեցնում ես ինձ, իշխան։
ՊԱՊԱՔ.— Այո՛, ա՛յդ կլինի մեր ճակատագիրը, ամենքին կկոտորեն։
ԹԵՆԻ.— Ամենքի՞ն, և նույնիսկ կանա՞նց։
ՊԱՊԱՔ.— Կանանցից երիտասարդներին գուցե գերի տանեն, բայց պառավներին մյուս աշխարհը կուղարկեն։
ԹԵՆԻ.— (սարսափահար) Ի՞նչ անենք, ուրեմն, իշխան, փրկության մի ճանապարհ չորոնե՞նք։
ՊԱՊԱՔ.— Փրկության միակ ճանապարհը կլինի այն, որ գտնվի մեկը, որ հորդորն Ռուզանին յուր որոշումն իրագործելու։
ԹԵՆԻ.— Ի՞նչ հարկավոր է հորդորել, քանի որ նա ինքը պատրաստ է զոհվելու. բանն այն է, որ նրան արգելում են։
ՊԱՊԱՔ.— Նա կարող է փախչել։
ԹԵՆԻ.— Բայց բերդի դռները փակված են ամուր, իսկ ամեն ելքի մոտ դրված են պահապաններ։
ՊԱՊԱՔ.— Այս մատուռի ավանդատունն ունի մի պատուհան, որ նայում է դեպի կաղնիների անտա՛ռը։ Այդ պատուհանից հեշտությամր կարելի է իջնել։
ԹԵՆԻ.— (մտածելով) Այդտեղ, արդարև, կա այդպիսի մի ելք։
ՊԱՊԱՔ.— Հայտնի՛ր այս մասին օրիորդին։
ԹԵՆԻ.— Հայտնե՞մ...
ՊԱՊԱՔ.— Այո՛, անպատճա՛ռ. և քանի շուտ՝ այնքան լավ։
ԹԵՆԻ․— (տարակուսելով) Բայց...
ՊԱՊԱՔ.— Չպետք է տարակուսել և ոչ էլ ուշացնել։ Մի փոքր ժամանակից Ռուզանը կգա այստեղ, որովհետև հայրը' արգելելով նրան յուր որոշումն իրագործել, իրավունք տրվավ միայն իջնել այս մատուռը և աղոթել։ Ուրեմն ուր որ է՝ նա կգա. աշխատիր խոսել հետը իսկույն։